Բարձր գնաճի պայմաններում առաջանում է վարկերի տոկոսադրույքների աճ, և դա որոշակիորեն զսպում է տնտեսական ակտիվությունը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նախարարը նշեց, որ գնաճն սպասելի էր, և ԿԲ-ն իր գործիքակազմով ու քաղաքականությամբ կանի ամեն բան եկող տարի կառավարելի միջակայք տեղափոխելու ուղղությամբ:
Անդրադառնալով մասնավոր հատվածի հզորությունների օգտագործման հնարավորություններին՝ Խաչատրյանը նշեց, որ եկող տարվա բյուջետային հայտը ձևավորվում է ոլորտային նախարարությունների կողմից:
«Երբ իրենք գալիս են և ֆինանսների նախարարությանն առաջարկում են եկող տարվա բյուջեում նախատեսել որոշակի ծավալի աշխատանք, այդ ժամանակ իրենք վստահ են, որ այն, ինչի համար դիմում են և խնդրում են, որ ներառվի «բյուջեի մասին» օրենքով, ամրացված է համապատասխան կարողություններով: Դա նշանակում է, որ իրենք ի սկզբանե վստահ են, որ այդ աշխատանքները կիրականացվեն ժամանակին և որակով»,- նշեց նախարարը: