Սուդանում նորից ռազմական հեղաշրջում է: Սուդանի մայրաքաղաք Խարտումն ամբողջությամբ շրջափակված է զինվորականներով՝ գրում է Al Jazeera-ն: Մայրաքաղաքի մուտքերն ու քաղաքի կամուրջներն արդեն արգելափակված են, մի շարք թաղամասերում ինտերնետն անջատված է:
Ըստ լրատվամիջոցների՝ ձերբակալված է Սուդանի կառավարության անդամների մեծ մասը, մի քանի նահանգապետ, իշխանամետ կուսակցությունների ղեկավարներ, վարչապետը տնային կալանքի մեջ է:
Երկրի քաղաքացիական ուժերն ու ընդդիմությունը մարդկանց կոչ են անում փողոց դուրս գալ՝ իրենց բողոքը հայտնելու ռազմական հեղաշրջմանը, որն արդեն երկրորդն է երեք տարվա ընթացղքում:
Առաջինը տեղի է ունեցել 2019 թվականին, որի ժամանակ տապալեցին նախագահ Օմար ալ-Բաշիրին: Երկրում ձևավորվեց իշխանության երկու ճյուղ՝ զինվորական և քաղաքացիական։
Կողմերը պայմանավորվել էին, որ մինչև 2021 թվականի նոյեմբերը Սուդանում կգործի անցումային շրջանը։