Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է Yerevan Open շախմատային միջազգային մրցաշարը, որն անցկացվում էր արդեն երրորդ անգամ: Հայ գրոսմայստեր Արման Միքայելյանը մրցաշարի արդյունքներով գրավել է պատվավոր երրորդ հորիզոնականը:
Հարկ է նշել, որ 9 տուր տևած ծանր պայքարի արդյունքում մրցանակային տեղեր զբաղեցրած 3 շախմատիստն էլ վաստակել են 7.5-ական միավոր: Վերջին տուրում Հնդկաստանի ներկայացուցիչներ Նարայանանն ու Պուրանիկ Աբհիմանյուն ոչ-ոքի են խաղացել. վերջինս լրացուցիչ արդյունքներով դարձել է մրցաշարի հաղթող ու արժանացել 2 միլիոն դրամ պարգևի, երկրորդ տեղը գրավել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիտալի Սիվուկը՝ ստանալով 1 միլիոն 4 հարյուր հազար դրամ: Արման Միքայելյանը վերջին տուրում առավելության է հասել Կարտիկ Վենկատարամանի նկատմամբ:
4-րդ անընդմեջ հաղթանակն է տարել ու մրցաշարը 5.5 միավորով ավարտել կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը: Վերջին տուրում ցավալի պարտություն է կրել Դավիթ Շահինյանը՝ միավորը զիջելով Էրիգայիսի Արյունին: Մամիկոն Ղարիբյանը ոչ-ոքի է խաղացել Գուկեշի, իսկ Հայկ Երիցյանը՝ Արաշ Դաղլիի հետ: Տիգրան Պետրոսյանը Yerevan Open-ն ավարտել է 6 միավորով՝ 9-րդ տուրում հաղթելով Բաչանա Մորչիաշվիլիին: Հովիկ Հայրապետյանն էլ հաղթել է հնդիկ Բարաթ Սուբրամանիյամին ու բավարարվել 9-րդ տեղով:
Կանանց պայքարում լավագույն արդյունքը գրանցել ու 200 հազար դրամ մրցանակի է արժանացել Ագրավալ Վանդիկան՝ Հնդկաստանից, իսկ երկրորդ տեղը գրավել է Վաիշալին՝ դարձյալ Հնդկաստանից:
B խմբում վաստակած 8 միավորով լավագույնի կոչմանն արժանացել է Արամ Վարդանյանը: Մրցանակներ էին սահմանված նաև առանձին անվանակարգերում:
Yerevan Open-ի բլից մրցաշարում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ինչպես հայտնի է, երրորդ հորիզոնականն էր զբաղեցրել: Կայացած 9 բլից պարտիաներից հետո Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը վաստակել էր 7,5 միավոր և եզրափակել լավագույն եռյակը:
Yerevan Open շախմատային միջազգային մրցաշարին մասնակցել է ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող 311 շախմատիստ՝ 14 երկրից, այդ թվում՝ գրոսմայստերներ և միջազգային վարպետներ:
Երևանի բաց առաջնությունն անցկացվել է արդեն 3-րդ անգամ: Այս տարի մրցաշարը բաղկացած էր երկու ենթախմբից` A և B: A ենթախմբի մրցաշարին մասնակցել է 129 շախմատիստ՝ աշխարհի 10 երկրից: Երևանի բաց մրցաշարն անցկացվել է շվեյցարական մրցակարգով. այն բաղկացած էր 9 տուրից: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում էր 11 միլիոն դրամ: