Ազատության հրապարակը կիրակի վերածվեց բժշկական բացօթյա խոշոր համալիրի: Կորոնաիրավիճակի լարվածությանը զուգընթաց ուժեղացվում են համավարակի դեմ պայքարի միջոցները: Երևանում հայտարարվեց պատվաստումների օր: Առողջապահության նախարարը հայտնեց օրվա կորոնաթվերն ու հորդորեց համախմբվել՝ կոտրելու վարակի շղթան:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Հնարավորինս հանրային իրազեկման արշավ անենք, որ մարդիկ շաբաթ, կիրակի տանն են, կարող են գալ, կարճ ընթացքում պատվաստումը ստանալ, աշխատանքից չկտրվել: Անցած շաբաթ ուրբաթ օրը մենք 20 հազար օրական պատվաստման թիվ ունենք, որը լավ ցուցանիշ է, իհարկե, պետք է աճի: Պոլիկլինիկաներն աշխատում են ծանր, որոշեցինք շաբաթ, կիրակին, լավ եղանակն օգտագործել քաղաքացիների համար պատվաստումը հեշտ կազմակերպելու համար:
Հանրային իրազեկման միջոցառումները կլինեն շարունակական: Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ քանի դեռ աշնան տաք եղանակը թույլ է տալիս, կկազմակերպվեն բացօթյա պատվաստումներ: Շարժական երեք կետից մեկը երկու ժամում պատվաստել էր 90 անձի:
Մարիամ Կարապետյան (թերապևտ, ընտանեկան բժիշկ) - Ժամը 11:00-ից պատվաստումներն սկսել ենք, շատ է հոսքը, այո, այսօր ես միայն ՀՀ քաղաքացիների եմ պատվաստել:
Կարինե Կարապետյան - Ես կորոնայով հիվանդացել եմ, շատ ծանր վիճակում, դրա համար որոշեցի պատվաստվեմ, որ էլի չհիվանդանամ, էս տարի ապրիլին եմ պառկել հիվանդանոց: Իմ կարծիքով՝ եթե կա կանխելու ճանապարհ, դա պատվաստվելն ա:
Առողջապահության նախարարը հայտարարեց՝ այն երկրներում, որտեղ պատվաստման ցուցանիշը 70 տոկոսից ավելի է, անգամ հոսպիտալացման ու հիվանդացության ավելացման դեպքում մահերն ու հիվանդության ծանր ընթացքը տասնյակ անգամ քիչ է: Հայաստանում մահացության ցուցանիշը 2 տոկոս է:
Անահիտ Ավանեսյան - Սա ինչ է նշանակում., որ պատվաստումները միակ գործիքն են, որ մեզ օգնելու են կանգնեցնել այս համավարակի մահաբեր ընթացքը: Քանի որ պատվաստումներն ամբողջ աշխարհում, ցավոք, չստացվեց կարճ ժամանակում կազմակերպել, այս վիրուսը անընդհատ մուտացվում է, նկատում ենք ալիքների ի հայտ գալը, ինչի միակ պաշտպանության միջոցը պատվաստումն Է:
Նախարարն ահազանգեց, որ մահճակալային ֆոնդը սպառման եզրին է, բուժանձնակազմը գործադրում է ճիգեր՝ ծանր ընթացքով հիվանդների կյանքը փրկելու համար:
Անահիտ Ավանեսյան - Սիրելի՛ կանայք, խոսքս ձեզ եմ ուղղում, խնդրում եմ հորդորեք, պարտադրեք ընտանիքի անդամներին՝ կրել դիմակ, դիմակը փրկում է կյանքեր, դիմակը օգնում է, որ, օրինակ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում չունենք հղիներ, որ պայքարում են կյանքի համար: Մի փոքր քայլը կօգնի իրավիճակը վերադարձնենք կառավարման շրջանակ: Սա բոլորիս պատասխանատվություն է: Մեր բժիշկները սպառման եզրին են, պետք է կանգնենք նրանց կողքին:
Պատվաստումը խրախուսելու՝ նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Հայկական կարմիր խաչի համատեղ միջոցառումը շարունակվեց մինչև երեկոյան վեցը:
Լիանա Ավետիսյան (Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչ) - Եթե իրենք ունեն հարցեր՝ պատվաստման հետ կապված, մոտենում են մեզ, կամավորները իրազեկում են, ուղեկցում ենք մարդկանց, պահպանում հերթը:
Լուսինե Հովհաննիսյան (Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից) - Տրամադրում ենք թանգարանի տոմսեր, կրծքանշաններ՝ Պատվաստված եմ: Դիմակ, ալկոգել:
Պատվաստանյութի խնդիր չկա: Նախարարը նշեց, որ սպասում են «Մոդեռնայի» նոր խմբաքանակի ներմուծմանը: Երկրում արդեն կատարվել է մոտ 700 հազար պատվաստում: