ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼԻՐԱՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՆԿՈՒՄ Է ԳՐԱՆՑԵԼ
Էրդողանի սկանդալային հայտարարությունից հետո թուրքական լիրան ռեկորդային ցածր փոխարժեք է գրանցել դոլարի նկատմամբ: Հանգստյան օրերին այն արժեզրկվել է 1,6%-ով։ Պատճառը 10 երկրի դիվանագետների կոչն է՝ ուղղված Անկարային՝ ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային: Օրեր առաջ Կանադայի, Դանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Նոր Զելանդիայի և Միացյալ Նահանգների դեսպանները հանդես էին եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Քավալայի դեմ դատական գործընթացը ստվեր է նետում Թուրքիայում ժողովրդավարության և օրենքի գերակայության վրա: Դեսպանները կանչվել էին Թուրքիայի ԱԳՆ, իսկ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չպետք է ընդունի դեսպանների, որոնք քննադատում են Թուրքիայի դատական համակարգը։
ԻՐԱՆԸ ԲԱՑԵԼ Է ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Իրանը բացել է սահմանները օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Զբոսաշրջության փոխնախարարի խոսքով՝ հետկորոնավիրուսային շրջանում լայնածավալ ջանքեր են գործադրվել՝ զբոսաշրջության ոլորտը ակտիվացնելու ուղղությամբ: Պաշտոնյայի խոսքով՝ կորոնավիրուսի հինգերորդ ալիքը հաղթահարելուց և պատվաստումների տեմպն արագացվելուց հետո, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբը համաձայնություն է տվել բացել Իրանի սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Ըստ վերջին տվյալների՝ Իսրայելում ամբողջական պատվաստում է ստացել երկրի բնակչության մոտ 62%-ը:
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԶԲԵԿՍՏԱՆՈՒՄ
Ուզբեկստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ։ Նախնական տվյալով՝ ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 80 տոկոսը: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Շավկատ Միրզիոևը: 64-ամյա առաջնորդն ընտրության օրը հայտարարել է՝ վստահ է, որ վերընտրվելու է նախագահի պաշտոնում, քանի որ վայելում է ժողովրդի սերն ու վստահությունը: Ներկայումս ընթանում է ձայների հաշվարկի գործընթացը:
ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՀԱՄԱՎԱՐԱԿԸ. ԱՀԿ
Մարդկությունն ունի կորոնավիրուսային համավարակը հաղթահարելու բոլոր հնարավորությունները՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը: Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ պանդեմիան կավարտվի այն ժամանակ, երբ աշխարհը որոշի ավարտել այն։ Գեբրեյեսուսի խոսքով՝ թեև վիրուսին հաղթելու համար բոլոր պայմաններն արդեն առկա են, դրանք չեն օգտագործվում: Ըստ ԱՀԿ ղեկավարի՝ կառույցի նպատակն է, որ մինչև 2021 թվականի ավարտը յուրաքանչյուր երկրի բնակչության առնվազն 40 տոկոսը պատվաստված լինի։
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՈՒԺԻ ՄԵՋ ԵՆ ՄՏՆՈՒՄ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Կորոնավիրուսի հիվանդացության կտրուկ աճով պայմանավորված՝ Մոսկվայում այսօրվանից նոր սահմանափակումներ են ուժի մեջ մտնում: Դրանք գործելու են 4 ամիս՝ մինչև 2022 թ. փետրվար: 60 տարեկանից բարձր և քրոնիկական հիվանդություններ ունեցողները չեն կարող դուրս գալ տնից։ Գործատուները պետք է հեռավար աշխատանքի ուղարկեն աշխատակիցների 30 տոկոսին։ Սահմանափակումները չեն տարածվելու պատվաստվածների վրա: Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը կսահմանվեն ոչ աշխատանքային օրեր. այդ ընթացքում կդադարեցվի առևտրի, ծառայությունների, հանրային սննդի և մի շարք այլ ոլորտների կազմակերպությունների աշխատանքը: