ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական երկօրյա այցով Կիպրոսում է: Պաշտոնական այցը մեկնարկել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ հանդիպմամբ:
Ողջույնների փոխանակումից հետո զրույց է ծավալվել հայ-կիպրական դարավոր բարեկամության, ընդհանուր անցյալի և պատմության տարբեր դրվագներում իրականացված փոխօգնության շուրջ:
ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Կիպրոսը դեռևս 1975 թ. Եվրոպայում առաջինը, աշխարհում երկրորդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է սահմանել, ինչպես նաև` պատասխանատվություն ցեղասպանությունների ժխտման համար:
Առանձնահատուկ շեշտվել է բարեկամ երկրների օրենսդիր մարմինների համագործակցության գերազանց մակարդակը՝ նախանշելով հեռանկարային ծրագրերը:
Կողմերը խորհրդարաններում գործող համագործակցության հանձնաժողովների ձևաչափը համարել են միջխորհրդարանական օրակարգն առավել ընդլայնելու լավագույն մեխանիզմ: ԱԺ նախագահը բարձր է գնահատել երկու երկրների պատգամավորների օրինակելի փոխգործակցությունը տարբեր խորհրդարանական վեհաժողովներում՝ միմյանց համար կարևոր հարցերի բարենպաստ լուծմանը հասնելու նպատակով:
ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարեկամ Կիպրոսին 2020թգ հոկտեմբերի 9-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևի միաձայն ընդունման համար: Նա նաև երախտագիտություն է հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին՝ հայազգի պատգամավոր Վարդգես Մահդեսյանի նախաձեռնությամբ 44-օրյա պատերազմի մասնակիցներին խորհրդարանում ընդունելու համար: Ալեն Սիմոնյանը դատապարտելի է համարել 2021թ. հուլիսին Ադրբեջանի Միլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սամեդ Սամեդովի գլխավորած պատվիրակության այցը Կիպրոսի հյուսիսային հատված՝ թուրքական կողմից կղզու մասնակի գրավման 47-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով:
ՀՀ օրենսդիր մարմնի նախագահը վերահաստատել է Հայաստանի լիակատար աջակցությունը Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին՝ հանուն արդարության վերականգնման և եղբայրական Կիպրոսի վերամիավորման:
Կողմերը Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձևաչափի մեկնարկն առաջնահերթություն են դիտարկել՝ փաստելով, որ լայն հնարավորություններ են ստեղծվելու փոխադարձ հետաքրքրության բազմաթիվ ոլորտների զարգացման համար:
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը հավաստիացրել է, որ իր կողմից բոլոր ջանքերը ներդրվելու են հայ-կիպրական միջխորհրդարանական կապերն ամրապնդելու ուղղությամբ: Նա վստահություն է հայտնել, ուր ՀՀ ԱԺ նախագահի այցը կարևոր ներդրում է փոխադարձ հանձնառությունների բարձրաձայնման և համատեղ ծրագրերի մշակման համար:
ՀՀ ԱԺ նախագահը կիպրոսցի գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Հայաստան:
Հանդիպումը եզրափակվել է մամուլի համար երկկողմանի հայտարարությունների հրապարակմամբ:
Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանի նախագահներն այցելել են նաև հրադադարի գիծ: