2022-ի համար Կառավարությունը նախատեսում է 7 տոկոս տնտեսական աճ՝ այսօր խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանն ու ընդգծեց՝ գործադիրն ավելիի հույս ունի: Նախանշված՝ 7 տոկոս թիրախին հասնելը, ըստ երկրի ղեկավարի, իրատեսական է դարձնում ընթացիկ տարվա ցուցանիշները: Թեև 2021-ի մեծ մասն անցավ քաղաքական ու անվտանգային անկայուն միջավայրում, տնտեսության զարգացման տեմպերն այսօր գերազանցում են արված կանխատեսումները՝ ասաց Փաշինյանն ու առանձնացրեց դրանցից մի քանիսը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - 2021 թվականի սեպտեմբերին ՀՀ-ում գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ՝ 651 141 վճարվող աշխատատեղ: Հայաստանում ավելի բարձր ցուցանիշ երբեք չենք ունեցել: Էականորեն՝ ավելի քան 20 տոկոսով, աճել է արտահանումը: Ընդ որում՝ աճել է ոչ միայն հումքային ռեսուրսի, այլև պատրաստի արտադրանքի և գյուղմթերքի արտահանումը, շինարարությունը աճել է 7 տոկոսով, ծառայությունների աճը սեպտեմբերի դրությամբ կազմել է ավելի քան 5 տոկոս:
2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԵՐԵՔ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱԺժ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում վարչապետը ներկայացրեց Բյուջե-2022-ի 3 հիմնական առաջնահերթությունները՝ անվտանգության համակարգի բարեփոխում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության արդիականացում: Կառավարությունը կապիտալ ծախսերի համար հատկացնելու է 347 մլրդ դրամ՝ 55 տոկոսով ավելի, քան 2021-ին, 11 տոկոսով էլ ավելացնելու է պաշտպանական ծախսերը՝ 2022-ի համար ոլորտին հատկացնելով ավելի քան 345 մլրդ դրամ: Վարչապետի խոսքով՝ խնդիր է դրված, որ տարին տարվա վրա այդ գործառույթն ավելի շատ իրականացնեն սահմանապահ զորքերը, իսկ ապագայում՝ բացառապես նրանք:
Նիկոլ Փաշինյան - Մենք հետևողականորեն շարժվելու ենք Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, մտածված քայլերով, քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի և սպայական ծառայության կերպարը, զարգացնելով և բարելավելով ՀՀ-ի պաշտպանական դոկտրինը:
Այս առումով, Փաշինյանի գնահատմամբ, բարենպաստ պայմաններ կստեղծվեն, երբ Հայաստանի տարածքից՝ Սոթք-Խոզնավար հատվածից, դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը, ու Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը: Նիկոլ Փաշինյանը նորից հիշեցրեց՝ Հայաստանը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն՝ զինված ուժերը զարգացնելու է ագրեսիայից պաշտպանվելու համար ու տարածքներ նվաճելու մտադրություն չունի: Սակայն անվտանգային առումով ոչ պակաս կարևոր է արտաքին բարենպաստ միջավայրի ձևավորումը:
Նիկոլ Փաշինյան - Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը մենք տեսնում ենք մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ ՄԽ համանախագության ձևաչափով գործընթացի վերականգնման տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով:
Ենթակառուցվածքների ապաշրջափակումը, վարչապետի բնորոշմամբ՝ կարող է որակապես փոխել երկրի տնտեսության բովանդակությունն ու կառուցվածքը, նպաստել ներդրումային գրավչության բարձրացմանը: Ու մինչև տարիներով ժանգոտած անիվները նորից ռելսերի վրա կդրվեն, երկրի ներսում մեծ թափով ներքին ենթակառուցվածքներն են զարգանալու: Այս նպատակի համար 2022-ին ավելի քան 278 մլրդ դրամ է հատկացվելու՝ 32 տոկոսով ավելի, քան 2021-ին:
Նիկոլ Փաշինյան - Նախատեսված է վերականգնել և նորոգել 500 կմ ճանապարհ, նախագծել և կառուցել տարբեր մեծության ջրամբարներ, որոնք պետք է բարձրացնեն ջրի մատակարարման ծավալը և որակը: Մեկնարկելու են «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների մրցույթները՝ նպատակ ունենալով հաջորդ տարի արդեն սկսել միանգամից երկու հատվածների շինարարական աշխատանքները:
Այս պահին էլ 76 դպրոց և 51 մանկապարտեզ է կառուցվում, վերակառուցվում կամ հիմնանորոգվում՝ ասաց վարչապետը: Ընդհանուր առմամբ՝ հնգամյա ծրագիրը վերաբերում է 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի: 2022-ի բյուջեով ոլորտային նախարարությանը 27 տոկոսով ավելի գումար կհատկացվի, գիտության ֆինանսավորումն էլ միանգամից 83 տոկոսով կաճի՝ 6.7 մլրդ դրամ կուղղվի գիտական թեմատիկ հետազոտություններին:
Նիկոլ Փաշինյան - Մեր նպատակն է անձի կրթությունը և շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ. սա է ժամանակակից աշխարհում մրցունակ ազգ լինելու միակ ճանապարհը:
Հավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու համար, վարչապետի կարծիքով, անհրաժեշտ են նաև հասարակական ու մշակութային վերափոխումներ, առաջին հերթին՝ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում ու վերլուծական կարողությունների զարգացում: Դա կնպաստի, որ բարձրանա ներդրումների ու ծախսերի արդյունավետությունը, ավելի հասցեական դառնան սոցիալական ծրագրերը: Քանի որ բյուջետային ծրագրերի իրականացումը մեծապես կախված է մասնավոր հատվածից, վարչապետը բիզնեսին կոչ արեց ակտիվ օգտվել գյուղոլորտում կառավարության աջակցության գործիքներից: Ասաց՝ տարեկան 1000 հա ինտենսիվ այգի հիմնելու համար որոշել են ծրագիրը հասանելի դարձնել միջին ու միջինից մեծ տնտեսություններին: Նախընտրական խոստման համաձայն էլ՝ 2022-ի հունվարից ամեն երրորդ ու հաջորդ երեխայի համար ընտանիքն ամսական 50 հազար դրամ կստանա՝ մինչև երեխայի 6 տարին լրանալը:
Նիկոլ Փաշինյան - Այս ծրագիրը կարծում եմ շատ կարևոր ու սիրելի է և ես հույս ունեմ, որ նոր կազմավորվող ընտանիքներին կլինի լուրջ աջակցությունը, իսկ երկու երեխա ունեցող ընտանիքները կաջակցի, որ նրանք բազմազավակ ընտանիք դառնալու հարցում որոշում կայացնեն:
2022-ի բյուջեով, սակայն, բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ սոցիալական, կմնան չլուծված՝ ասաց վարչապետը, բայց վստահեցրեց՝ Կառավարության ծրագիրն ունենալու է հաջող իրագործում: