«Ինչպես առիթ եմ ունեցել ասելու` 2022 թվականի պետական բյուջեն հիմնված է երեք առաջնահերթությունների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում և բարելավում, ենթակառուցվածների զարգացում, կրթության և գիտության արդիականացում»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առանձին խոսելով պաշտպանական բյուջեի ավելացման մասին:
«2022 թվականի պաշտպանական բյուջեն 2021 թ․ պլանի համեմատ ավել է 11 տոկոսով՝ կազմում է ավելի քան 345 մլրդ դրամ։ Հետևողականորեն շարժվելու ենք պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետությունը զինված ուժերը զարգացնելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։ Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի»,- ընդգծեց նա:
«Անվտանգային նոր միջավայրում մեր երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություն, և խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթն ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսալականը»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ ՀՀ տարածքից մասնավորապես Սոթք Խոզնավար հատվածից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժումների դուրսբերման և Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի նշված խնդրի լուծման համար: