Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը արդեն երկու մարզում է անցկացրել Սերբիայում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեր ընտրանին հանգրվանել է Կրովեն Պլազա հյուրանոցում և մարզվում է հյուրանոցից ոչ հեռու գտնվեղ Ստարկ Արենայի մարզումային դահլիճում: Հենց Ստարկ Արենայում էլ տեղի կունենա աշխարհի առաջնությունը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ֆեդերացիայի լրատվական ծառայության հետ զրույցում նշել է, որ տղաները պատրաստ են պայքարելու և լավ մենամարտեր անցկացնելու:
- Մարզումները ցույց են տալիս, որ տղաների մոտ ամեն ինչ գնում է ըստ գրաֆիկի: Այս պահին նրանք այնպիսի մարզավիճակում են, ինչպես պետք է լինեն հենց այս ժամանակահատվածում: Կա արագություն, կա ախորժակ, և, որ ամենակարևորն է, կա կռվելու ցանկություն: Նրանք շատ եռանդով են աշխատում, ես գոհ եմ նրանցից: Յուրաքանչյուրը պատրաստ է պայքարելու և լավ մենամարտ անցկացնելու:
Կարեն Աղամալյանը անդրադարձել է նաև Եվրոպայի երիտասարդների առաջնությունում մեր բռնցքամարտիկների աննախադեպ հաջողությանը:
- Նախ ցանկանում եմ շնորհավորել հավաքականի գլխավոր մարզչին՝ Վազգեն Բադալյանին, հավաքականի մյուս մարզիչներին, նաև նրանց, ովքեր սաներ են տվել մեր երիտասրդական ընտրանուն: Սա շատ մեծ արդյունք է հայկական բռնցքամարտի և առհասարակ հայկական սպորտի համար: Շատ հաճելի է, որ այսպիսի բռնցքամարտիկներ ունենք երիտասարդական թիմում, որոնք շուտով պետք է համալրեն մեծահասակների ընտրանին: Պետք է նշեմ, որ այս հաղթանակներում մեծ է նաև Ֆեդերացիայի դերը: Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը մարզիկների կողքին է ցանկացած հարցում, նաև մրցաշարերի ժամանակ: Նախկինում նման բան չի եղել, որ ֆեդերացիայի նախագահը ամեն մրցման ժամանակ մարզիկների կողքին լինի: Նա այսօր ամեն հարցում մեր կողքին է, լավ հասկանում է ինչ է պետք մարզիկին ու մարզչին ու անում է հնարավոր ցանկացած բան, որ մարզիկները հասնեն հաջողության ու հենց նրա աշխատանքը ուղիղ կապված են մեր հաջողությունների ու լավագույն արդյունքների հետ:
Հովհաննես Հովսեփյանը Բուդվայից այսօր ժամանել է Բելգրադ, և մեր բռնցքմարտիկների կողքին կլինի նաև աշխարհի առաջնության ժամանակ: Բելգրադ է ժամանել նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
Աշխարհի առաջնության վիճակահանությունը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 18:00-ին»,- նշված է գրառման մեջ: