Ինչ փոփոխություններ են սպասվում անձնագրերի տրամադրման, դրանց վավերականության ժամկետների կարգում: Օրեր առաջ ոստիկանությունը օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացրեց հանրային քննարկման: Նախ առաջարկում են փոխել սովորական անձնագրերի վավերականության ժամկետը:
Հայաստանում այս պահին կա 2 տեսակի անձնագիր. առաջինը ներքին անձնագիրն է, որը նույն ID կամ նույնականացման քարտն է, երկրորդը ճամփորդական անձնագիրն է, որն էլ իր հերթին է 2 տեսակի՝ 1998 թվականին Կառավարության որոշմամբ սահմանված անձնագիրը, որն ընդունված է անվանել հին նմուշի, և կենսաչափական անձնագիրը, որը շրջանառության մեջ է մտել 2012 թականից: Այս երեք անձնագրերից 2-ի՝ նույնականացման քարտի և կենսաչափական անձնագրի վավերականության ժամկետները չեն փոխվում, 10-ի փոխարեն 2 տարի վավերականության ժամկետ է սահմանվում սովորական, այսինքն՝ հին նմուշի անձնագրերի համար:
Արա Մկրտչյան (ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետ) - Բոլորին ես ցանկանում եմ ուղղակի հավաստիացնել, որ այս փոփոխությունով Կառավարության թիվ 821 որոշումով սահմանված անձնագրի ժամկետը 10-ից 2 տարի սահմանելով նրանց որևէ իրավունք չի սահմանափակվելու, ճամփորդելու որևէ խնդիր չեն ունենալու:
Փոփոխության նպատակը մեկն է՝ ամբողջությամբ անցնել կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրմանը, որին մեր երկիրը դեռ 2012-ից էր ուզում անցնել: Այդ շրջանում 3 տարի քաղաքացիները միայն կենսաչափական անձնագրեր ստացան, հետո առաջ եկան ծրագրային խնդիրներ, կենսաչափական տվյալների համակարգը ժամանակին չարդիականացվեց, ինչի արդյունքում հին նմուշի անձնագրերը կրկին դաշտ վերադարձան:
Արա Մկրտչյան - Ներկայումս ՀՀ կառավարության համակարգմամբ և շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ակտիվ ներգրավմամբ տեղի է ունենում գործընթաց Հայաստանում կենսաչափական փաստաթղթեր տրամադրելու նոր համակարգ ստեղծելու ու ներդնելու ուղղությամբ: Եվ սովորական անձնագրերի ժամկետի կրճատումը պայմանավորված է միմիայն դրանով:
Ժամկետի կրճատումը նոր համակարգին սահուն և անցնցում անցնելու միջոց է՝ վստահեցնում է անձնագրային և վիզաների վարչության պետը, և 2 տարին կլինի այն ժամկետը, որի ընթացքում քաղաքացին կփոխարինի հին անձնագիրը կենսաչափականով: Արա Մկրտչյանն անդրադառնում է նաև գնային քաղաքականությանը, բացատրում 2 տեսակի անձնագրերի գնային իրական տարբերությունը:
Արա Մկրտչյան - Այս անձնագրի համար մեր քաղաքացիները պետտուրքի մասին օրենքով վճարում են 1000 դրամ, և որպեսզի անձնագիրը օտարերկրյա պետությունում ունենա վավերականություն, յուրաքանչյուր տարվա համար սահմանված է 1000 դրամ պետական տուրք՝ մաքսիմալ 10 տարի ժամկետով: Կենսաչափական տվյալներով անձնագրի արժեքը 25 հազար դրամ է, սակայն այն չի պահանջում օտարերկրյա պետությունում վավերականություն հաստատել և լրացուցիչ տուրք վճարել դրա համար:
Սակայն պետք է հաշվի առնել նաև կենսաչափական անձնագրի որակը, դրա սպասարկման համար անհրաժեշտ ռեսուրսը: Կենսաչափական անձնագիրն ունի կրիչ, որտեղ ամփոփված է անձի մասին ամբողջական տեղեկատվությունը: Գումարի տարբերությունը դրան է ուղղվում: Անկախ ամեն ինչից՝ կենսաչափական համակարգին ամբողջական անցումը անհրաժեշտություն է Հայաստանի համար: Արտերկրում առաջինն անձնագրից է պարզ դառնում, թե ինչպիսի երկրի քաղաքացի ես, նշում է Արա Մկրտչյանը:
Արա Մկրտչյան - ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրի շրջանակներում բանակցություններ են տեղի ունենում առանց վիզայի ռեժիմի շենգենյան գոտու ԵՄ երկրներ մուտք գործելու համար, և նրանց առաջին պահանջն է, որ մեր երկիրը ամբողջությամբ անցնի կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերին և մեկ անձ մեկ փաստաթուղթ սկզբունքին: Այո, այս բարեփոխումները նաև լուծում են այդ հարցը:
Կենսաչափական անձնագրով այլ երկրներում ավելի հեշտ է կատարվում նույնականացումը, քաղաքացիների տվյալներն ավելի պաշտպանված են, անձնագիր կեղծելն էլ՝ տասնյակ անգամ ավելի բարդ: Սրանք առավելությունների շարքից են՝ չհաշված որ աշխարհի բոլոր զարգացած երկրները վաղուց անցել են կենսաչափական անձնագրերի՝ հստակեցնում է ոլորտի պատասխանատուն:
Արա Մկրտչյան - Օրինակ՝ իմ ձեռքում է հիմա ԱՄՆ-ի անձնագրի օրինակը: Լուսանկարի հիմնական էջը պոլիկարբոնատից է պատրաստված, էլեկտրոնային կրիչը գտնվում է այս էջի վրա, և տեսեք, որ լուսանկարը մեկը չէ, հիմնական լուսանկարը՝ սև-սպիտակ, որը որակապես ավելի լավն է, և գունավոր լուսանկար է առկա, որն անվտանգային լրացուցիչ տարրեր ու մասնիկներ է պարունակում: Բացի դրանից՝ անձնագրի բոլոր էջերն ունեն տարբեր դիզայն, դա ոչ միայն դիզայներական ու էսթետիկական լուծում է, այլ նաև անվտանգային միջոցառում է, որպեսզի կեղծիքներ կատարելը շատ ավելի դժվար լինի:
Իսկ ավելի բարձր որակի կենսաչափական անձնագիր ունենալու, ինչպես նաև միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով ոստիկանությունը անձնագրերի նոր դիզայնի մրցույթ է հայտարարել:
Արա Մկրտչյան - Մենք նույնպես ցանկանում ենք մեր անձնագրերում անցում կատարել նման որակի, ինչպես արդեն ցույց տվեցի, անցում ենք կատարելու, որ հիմնական լուսանկարով էջը լինի պոլիկարբոնատից, մեկ լուսանկար չլինի, և անձնագրի դիզայնը, ներքին էջերը չլինեն նույնը, այլ յուրաքանչյուր էջ ունենա առանձնացված դիզայն:
Փաթեթով մեկ այլ փոփոխություն էլ է նախատեսված. նախագծի ընդունման դեպքում, քաղաքացու ցանկությամբ, ծննդավայր կնշվի ոչ թե պետությունը, այլ քաղաքը, գյուղը կամ մարզը: Սա ևս նպատակային փոփոխություն է:
Արա Մկրտչյան - Հարցի կարևորությունը և այս փոփոխության անհրաժեշտությունը տարբեր երկրներում ծնված, չճանաչված տարածքների, չճանաչված պետությունների տարածքներում ծնված մեր հայրենակիցների օտարերկյա պետություններում իրավունքների իրացման հետ է կապված: Նորից խոսքս ուղղեմ այն շահարկումներին, թե այս փոփոխությունն արվում է արցախցիների դեմ: Հենց սա իրականացվում է, որ Արցախի մեր հայրենակիցներն էլ օտարերկրյա պետություններում խնդիր չունենան իրենց իրավունքն իրացնելիս:
Ոլորտի պատասխանատուն կարևորում է նաև անգիտակից անձանց անձնագիր տրամադրելու կարգի փոփոխությունը: Ներկայիս օրենքով անձնագիր ստանալու համար քաղաքացին պարտավոր է անձամբ դիմել: Նոր կարգավորումներով նման դեպքերում դիմումը կարող է ներկայացնել տվյալ քաղաքացու մերձավոր ազգականը կամ բուժհաստատության ղեկավարը: Անձնագրային և վիզաների վարչության պետը քաղաքացիներին հորդորում է բարեփոխումների վերաբերյալ անհարկի շահարկումների չտրվել, միաժամանակ հիշեցնում՝ օրինագիծը դեռ հանրային քննարկման փուլում է և կիրառվելու համար, նախ, պետք է ստանա կառավարության հավանությունը, ապա նաև ընդունվի ԱԺ-ի կողմից: