Առողջապահության նախարարության նախաձեռնած «Եկեք պատվաստվենք» միջոցառման շրջանակում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում (Ազատության հրապարակ) տեղակայվել են COVID-19-ի դեմ շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀ ԱՆ-ը։
«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է պատվաստումների օրվան նվիրված միջոցառմանը, զրուցել բուժաշխատողների և պատվաստման գործընթացով հետաքրքրվող քաղաքացիների հետ:
Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված երկրում առկա իրավիճակին` Անահիտ Ավանեսյանը նշել է, որ նախօրեին այցելել է COVID կլինիկաների մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներ, որտեղ ևս հորդորել է առանց դիմակ դուրս չգալ և պատվաստվել հիվանդությունը հաղթահարելուց հետո:
«Սիրելի կանայք, ավագ սերնդի ներկայացուցիչներ, թույլ մի տվեք, որ ձեր տան անդամներն առանց դիմակի դուրս գան տանից: Դուք հոգատարությունը ձեր ձեռքը վերցրեք, որովհետև դիմակների միջոցով կկարողանաք կյանքեր փրկել, կանխել համավարակի զարգացումը` պատվաստմանը զուգընթաց»:
Անցորդներին բաժանվել են պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ»,-նշված է գրառման մեջ: