Հայաստանին և Ադրբեջանին լսելուց հետո Հաագայի դատարանը որոշումը կայացնելու գործընթացում է: Երկու երկրի պահանջների քննարկումից հետո սպասվում է, որ այն կհրապարակվի մեկից մեկուկես ամսվա ընթացքում: Ամփոփելով լսումները՝ Հայաստանի շահերի ներկայացուցիչը շեշտում է՝ գործընթացն ինքնին կարևոր է:
Եղիշե Կիրակոսյան (ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերի ներկայացուցիչ) - Կարող է անդրադառնալ շատ խնդիրների վրա՝ սկսած ԼՂ հակամարտության կարգավորման վրա ազդելուց և նաև այլ քաղաքական ազդեցություններ ունենալուց: Գործընթացը, որ նոր է սկիզբ առնում, առանցքային նշանակություն ունի:
Դատարանը 4 օր հրապարակային քննարկեց Հայաստանի և Ադրբեջանի հայցերը: Եղիշե Կիրակոսյանը հատկապես կարևորեց, որ աշխարհը ուղիղ հեռարձակմամբ հնարավորություն ուներ հետևելու գործընթացին, լսելու Ադրբեջանի դեմ հայկական կողմի՝ իրավաբանորեն հիմնավորված դիրքորոշումն ու փաստարկները:
Եղիշե Կիրակոսյան - Դա, կարծում եմ, շատ կարևոր է՝ Հայաստանի քաղաքական դիրքավորման համար: Գործընթացի ժամանակ, ներգրավելով բարձրակարգ իրավաբանների թիմը, ՀՀ դիրքորոշումները կարողանում ենք ամենաբարձր մակարդակով ի ցույց դնել աշխարհին: Նման լեզվով խոսելու պարագայում հստակ, համոզիչ փաստարկված է ընկալվում, կարծիքաստեղծ ազդեցություն է ունենում հետագայի ու այս ընթացքի վրա:
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 14-ին սկսեց Հայաստանի ներկայացրած հրատապ միջոց կիրառելու պահանջի քննությունը: Ադրբեջանի դեմ հայցն ու հրատապ միջոց կիրառելու պահանջը ներկայացվել են «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի հիման վրա:
Եղիշե Կիրակոսյան - Մեր փաստացի պնդումներին արձագանքելու փոխարեն՝ Ադրբեջանը դատարանին ներկայացրեց «անճշտությունների տարափ»: Ներկայացվեցին քաղաքական հայտարարություններ և պատմական կեղծ փաստեր, որոնք ոչ մի առնչություն չունեն այն խնդիրների հետ, որոնց հետ կապված դիմել ենք՝ միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքով:
Գերիներին վերադարձը, ռազմավարի պուրակի փակումը, պամամշակութային ժառանգության ոչնչացման դադարեցումը Երևանի առանցքային պահանջներից են: Նիստի հենց առաջին օրը հայտարարվեց, որ Բաքուն պուրակից հանել է մանեկեններն ու սաղավարտները:
Եղիշե Կիրակոսյան - Ի սկզբանե «ռազմավարի պուրակ» կոչվածը բացված է եղել հենց էթնիկ հայերի հանդեպ ատելության տրամաբանությամբ, ուղղակի մանեկենները եղել են դրա վառ դրսևորումներից մեկը, բայց միևնույն է, եթե հանում ենք մանեկենները, մնում է նույն բովանդակությունը, դրա համար պահանջել ենք փակել:
Դեկլարատիվ, պաթոսային արտահայտչամիջոցներով Ադրբեջանը փորձեց ականապատ դաշտերի ու քարտեզների թեման կապել ռասիզմի հետ՝ ներկայացնելով ձևական փաստարկներ: Ականապատումը ռասիզմ չէ, պատերազմական գործողություն է՝ ինքնապաշտպանության համար, հակառակն ապացուցող հիմքեր Բաքուն չներկայացրեց:
Արա Ղազարյան (միջազգային իրավունքի մասնագետ) - Ադրբեջանի քաղաքականությունը միշտ եղել է հարձակողական, այդ թվում՝ հռետորաբանությունը. մերը՝ պաշտպանական, դրանից էլ բխում է ռասիզմը որպես գործիք՝ սկսած Ալիևից, որը հայցի հիմնական դերակատարն է և դրան համարժեք փաստարկ չունի:
Հայաստանի շահերը ներկայացրին միջազգային իրավունքի 5 հայտնի փորձագետ. ԱՄՆ-ից Շոն Մըրֆին դասավանդում է Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում, շվեյցարացի հանրահայտ Ռոբերտ Կոլբը, միջազգային դատարանում մեծ փորձառությամբ, Բելգիայի Լուվենի համալսարանից Պիեռ Դարժանը, ԱՄՆ-ից Կոստանտինոս Սալոնիդիսն ու Մարտին Լոուրենսը:
Ռոբերտ Կոլբ (միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու) - Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին բանակցությունները ձախողելու համար և միաժամանակ տարածում ատելություն, տանջում ռազմագերիներին և ոչնչացնում Հայաստանի մշակութային ժառանգությունը:
Կոստանտինոս Սալոնիդիս (միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու) - Ադրբեջանի հայատյացության քարոզը շարունակվում է նաև նոյեմբերի 9-ից հետո: Բավական է լսել Ալիևի ելույթները, որոնք ատելություն, խտրականություն, բռնություն են պարունակում:
Շոն Մըրֆի (միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու) - Ադրբեջանը պարտավորություն ունի վերադարձնել հայ ռազմագերիներին: Միջազգային մարդասիրական իրավունքի ամենակարևոր այդ պարտավորությունն արհամարհելը էթնիկ խտրականության դրսևորում է:
Պիեռ դ՛Արժան (միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու) - Տաճարի կրկնակի ռմբակոծումը մահաբեր ուղերձ է՝ հայերն իրենց անվտանգ չեն կարող զգալ Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ իրենց համար սրբազան վայրերում: Թեպետ նախագահ Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից սեպտեմբերին հայտարարում էր, թե իր երկիրը հանդուրժողականության և տարբեր ազգերի համար խաղաղ գոյակցության երկիր է, այնտեղ բացվող ցուցադրությունները ապացուցում են հակառակը:
Մարտին Լոուրենս (միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու) - Հայերն իրավունք ունեն ապրելու առանց ռասայական խտրականության:
Արա Ղազարյան (միջազգային իրավունքի մասնագետ) - Արդարադատության միջազգային դատական վարույթ հարուցելը պետք է լուրջ ընդունել: Կարծում եմ՝ երկու կողմն էլ որոշակի վճիռ կստանան, հայկական կողմի փաստարկներն ավելի լուրջ հիմքեր ունեն: Երբեմն միջանկյալ ակտով սահմանված իրավունքի, փաստի հարցը մասամբ ամրագրում է կամ ուղեցուցային է ապագա վճռի համար: Նայելով, թե դիմումները ինչ շրջանակով կբավարարվեն, կարելի է եզրակացնել՝ ինչ վճիռ կկայացնի դատարանը:
Ադրբեջանի ներկայացուցիչը Հաագա էր ժամանել իրենց պահանջի քննության օրը, մինչ այդ դատարանին միացել էր հեռավար: Մամեդովը հայտարարեց, թե Հայաստանն իբրև շարունակում է ադրբեջանցիների նկատմամբ ատելություն սերմանել և բռնություն հրահրել՝ պատսպարելով զինված խմբավորումների: Հայաստանի դեմ Ադրբեջանի գործով լսումները տեղի ունեցան հոկտեմբերի 18 և 19-ին: Նիստը եզրափակվեց ադրբեջանական փաստարկներին հայկական կողմի արձագանքով: Միջազգային բարձր դատարանի որոշումներից հետո երեք ամսվա ընթացքում Ադրբեջանը և Հայաստանը պետք է ներկայացնեն զեկույց իրենց ձեռնարկած միջոցառումների մասին, և որից հետո պետք է Դատարանին ներկայացնեն հաշվետվություն՝ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: