«Մտքերի հայկական գագաթնաժողովը» դարձյալ Դիլիջանում է՝ արդեն 3-րդ անգամ: Այս անունն է ստացել Ֆրանսիայի Շամոնի քաղաքում ամենամյա միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը» 2019-ից Հայաստանում հյուրընկալվելուց հետո: Այն անցկացվում է նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո՝ ֆրանսիական հայտնի «Մանթլի բարոմետր» վերլուծական հանդեսի և Հայաստանի Կենտրոնական բանկի գործընկերությամբ:
«Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագրով գագաթնաժողովը մեկնարկեց նախագահ Արմեն Սարգսյանի և Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդիի երկխոսությամբ՝ առցանց ձևաչափով; Զրույցն աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ էր, ինչը երկօրյա քննարկումների առանցքային թեմաներից էր, նաև հարավկովկասյան տարածաշրջանում աշխարահքաղաքական փոփոխությունները, տեխնոլոգիաների, արհեստական բանականության զարգացումը 21-րդ դարում․
Գագաթնաժողովը մեկ հարկի տակ էր միավորել երկրների նախկին ղեկավարների, միջազգային հեղինակավոր փորձագիտական և տեխնոլոգիական ոլորտների հայտնի ընկերությունների պատասխանատուների, գիտնականների, քաղաքական գործիչների: Մասշտաբային այս հարթակը Հայաստանի համար կարևոր է բոլոր առումներով՝ ասում է Թոմաս Շրապելը:
Թոմաս Շրապել, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի ղեկավար - Հայաստանը գիտակցում է, որ ծանր փորձության միջով է անցել, այս միջոցառումը նշան է, որ երկիրը նայում է դեպի ապագա, և փորձում ավելի բարելավել իր վիճակը՝ տնտեսության և քաղաքականության մասնագետների միջև փորձի փոխանակմամբ:
Տարածաշրջանային խաչմերուկից դառնալ տեխնոլոգիական զարգացման խաչմերուկ, մոտ և հեռու ապագայում այլընտրանք չունենք, իսկ այս գագաթնաժողովը դրան միտված քայլերից մեկն է՝ համոզված է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը:
Այս բացառիկ հարթակում նաև գլոբալ առումով հանդիպում են գիտությունը, կրթությունն ու մշակույթը, և դա չի կարող դրական հետք չթողնել՝ հատկապես երիտասարդների համար՝ ասում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Գագաթնաժողովում կներկայացվի նաև 2022-ին մեր երկրում կայանալիք գիտության և արվեստի ՍՏԱՐՄՈՒՍ 6-րդ փառատոնի ծրագիրը՝ գալիք աշնան ամենասպասվող իրադարձությունը: