Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշման և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի համապատասխան որոշումը՝ Արարատի մարզում անցկացվել են հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ: Գործնական աշխատանքները տարվել են մարզի Արմաշ և Վեդի համայնքներում:
Վեդի քաղաքում, ըստ սցենարի, հրդեհ էր բռնկվել կիսափլուզված շենքերից մեկում: Դեպքի վայր ժամանած ծառայությունները տարահանել են տուժած բնակիչներին, կանխել գազի արտահոսքը և մարել բռնկված հրդեհը:
Արմաշի միջնակարգ դպրոցում էլ անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Իրականացվել է ազդարարում, տարահանում և պատսպարում: Պայմանական տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Վարժանքին մասնակցել են Արարատի մարզպետարանի, Արտակարգ իրավիճակների նախարարության Արարատի մարզի փրկարարական վարչության քաղաքացիական պաշտպանության բաժնի, Ոստիկանության Արարատի մարզային վարչության, ինչպես նաև շտապօգնության աշխատակիցները:
Վարժանքների նպատակն է կատարելագործել պատսպարման, փրկարարական և բժշկական կազմավորումների աշխատանքները: