Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն արյան փոխներարկում են արել՝ հացադուլի պայմաններում վատ ինքնազգացողության պատճառով։ Այդ մասին հայտնել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն, փոխանցում են վրացական լրատվամիջոցները:
«Փոխներարկումը լավ է անցել: Մեզ օգնեցին բանտի բժիշկներն ու ռեանիմոբիլի բրիգադը։ Առայժմ ամեն ինչ լավ է»,- ասել է բժիշկը:
Նրա խոսքով՝ բանտի բժշկական սենյակը նախատեսված չէ նման բժշկական միջոցառումների համար: Փոխներարկումը փաստորեն իրականացվել է դաշտային պայմաններում: Կիպշիձեի կարծիքով՝ Սաակաշվիլուն պետք է բուժել բանտից դուրս՝ հիվանդանոցում:
Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն տեղեկացրել էր, որ նախկին նախագահին պատրաստվում են տեղափոխել բանտային հիվանդանոց: Դա հաստատել էր նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ նշելով, որ Սաակաշվիլուն որևէ այլ հաստատություն տեղափոխելու հարց չի դիտարկվում:
Սաակաշվիլու բժիշկները և պաշտպանները դեմ են արտահայտվել իշխանությունների նման որոշմանը: