Պոլսահայ «Լույս TV»-ն շուտով հասանելի է լինելու նաև արբանյակային հեռարձակմամբ: Նախաձեռնությունը կնպաստի արևմտահայերենի պահպանմանն ու տարածմանը: ԹՈՒՐՔԻԱ
Թուրքիայի միակ հայալեզու հեռուստաալիքը՝ «Լույս TV-ն», հիմնադրվել է 2017 թվականին և մինչ օրս հեռուստադիտողների դատին է ներկայացնում արևմտահայերեն տարատեսակ հաղորդումներ։ Տարիներ շարունակ լինելով առցանց հեռարձակում կատարող կայան՝ «Լույս TV»-ն վերջապես արբանյակային հեռուստաալիքների ցանկում հայտնվելու հնարավորություն ունի։
Հարություն Քուրան («Լույս TV»-ի նախագահ) - Նախ սկսեցինք վեբ TV ըլլալով, ինտերնետի վրա։ Որովհետև նախ երկու հիմնական պատճառներ կար։ Այս պատճառներե առաջինը, որ վեբ TV-ի միջոցով սփռում կատարելն ավելի նվազ գումարներ կպահանջե և սփռումն ավելի հասանելի է։ Երկրորդը՝ ուզեցինք մենք մեզ ստուգել։ Հոկտեմբեր 15-են սկսյալ էլ մեզ կարող են արբանյակային հեռարձակմամբ դիտել։
Համայնքային լուրերից զատ, «Լույս TV» -ն փորձում է ծանոթացնել հայկական ավանդական ճաշատեսակները, ամեն շաբաթ հեռարձակում է տարատեսակ վավերագրականներ՝ համայնքի ներկայացուցիչների նվաճումների, հաջողությունների մասին։
Հարություն Քուրան - «Լույս TV»-ի մեջ նորություն ըլլալով երեկոյան և կեսօրի լուրերը պիտի սփռենք ուղիղ եթերով։ Մեր ավանդական ճաշերը նոր սերունդներին պիտի ծանոթացնենք։ Մանուկների և պատանիների համար «Լույս Kids» ամսագիրն է լույս տեսնում՝ հայերեն և անգլերեն լեզուներով։ Պիտի ըլլան վավերագրականներ։ Ամեն շաբաթ կուզենք նոր վավերագրական մը ներկայացնել։ Այս վավերագրականների նյութերը պիտի ըլլան հայ ազգի զավակներուն կենսագրությունները կամ անոնց արժեքավոր գործերը։
Հարություն Քուրանը պատմում է, որ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը դրական է արձագանքել հայալեզու հեռուստատեսություն հիմնելու գաղափարին և օժանդակել է այդ գործընթացին։
Հարություն Քուրան - Մենք գացինք և պատմեցինք մեր պատմությունը, մեզի շատ օգտակար եղան և շատ օգնեցին տեխնիկական հարցերով և թե ինչպես պետք է ըլլա այս գործը, որ մեր գործն ավելի դյուրին ըլլա։ Անոր մասին բնավ խնդիր չեղավ։
Արևմտահայերենի պահպանմանն ու տարածմանն ուղղված այս նախաձեռնությունը, ըստ «Լույս TV»-ի նախագահի, բավական լավ է ընդունվել հայկական համայնքի կողմից։
Հարություն Քուրան - «Լույս TV»-ի նպատակն է նախևառաջ արևմտահայերենը փրկել, ապրեցնել և տարածել։ Ասկե առաջ այսպիսի գործի մը հետ զբաղող մեկն ալ չեղած է։ Մարդիկ ուրախ են, առաջին անգամ այսպես բան մը կըլլա։ Հեռատեսիլի մեջ հայերեն բան մը կտեսնեն, ասի անոնց համար շատ կարևոր է։
«Լույսը» ունի նաև պարբերական՝ հայերեն և թուրքերեն լեզուներով, որը բացի Ստամբուլից պահանջարկ ունի նաև Թուրքիայի այլ շրջաններում։
Հարություն Քուրան - Պոլսի մեջ, Անկարա, Իզմիր, Բոդրում և Վագըֆլը գյուղ՝ Հաթայ։
Պարբերականն ընթերցողներ ունի նաև Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիա և Արգենտինայում։