Երկրի սահմաններին թշնամիների և օտարերկրացիների առկայությունն Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գիծն է՝ հայտարարել է Իրանի ոստիկանության սահմանապահ ուժերի հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին: «Եթե թշնամական խմբերն ու օտարերկրացիները տեղակայվեն Իրանի սահմաններին, մեր սահմանապահները կարող են դրանք պաշտպանել»,- նշել է Գուդարզին: Նրա խոսքով՝ երկրի սահմաններին, հատկապես՝ հարավարևելյան, հաստատված է կայուն անվտանգություն: Գուդարզին հավելել է, որ Իրանի սահմանապահներն աչալուրջ են, իսկ երկրի սահմանները՝ անվտանգ:
*****
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն անդրադարձել է ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռների հարցում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առկա խնդիրներին: Նշելով, որ F-35 կործանիչները ձեռք բերելու համար Թուրքիան արդեն վճարել է 1,4 մլրդ դոլար, Բիլգիչն իրավիճակի հանգուցալուծման հետևյալ բանաձևն է առաջարկել․ «Մեր տարբերակներն են՝ կամ վերադառնում ենք F-35-երի ծրագրին, կամ մեր գումարը վերադարձնում են։ Օրակարգում է նաև մեր F-16-երը արդիականացնելու հարցը, որի շուրջ քննարկումները շարունակվում են»։ ԱՄՆ-ի պահանջով Թուրքիան դուրս էր մնացել F-35-երի արտադրության ծրագրից, երբ գնել էր ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը։ Բացի այդ, ԱՄՆ-ը հրաժարվել էր Թուրքիային հանձնել արդեն իսկ նրա գնած, բայց դեռևս ԱՄՆ-ում գտնվող 5 ինքնաթիռ, ինչպես նաև դադարեցվել էր ծրագրի շրջանակներում թուրք օդաչուների վերապատրաստումը։
*****
Ռուսաստանում Քովիդ 19-ը շարունակում է նոր հակառեկորդներ սահմանել: Վերջին մեկ օրում երկրի տարածքում վարակման և մահվան ռեկորդային դեպքեր են գրանցվել: 24 ժամում Ռուսաստանի 85 շրջանում գրանցվել է COVID-19-ի վարակման 37 հազար 678 դեպք, որոնցից 3250-ը՝ առանց կլինիկական դրսևորումների: Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 1075 մարդ:
Սվետլանա Սենեկ, գիտնական - Այս ճգնաժամի հիմնական սխալը մարդկանց պատվաստված չլինելն է: Շատերն անգամ չգիտեմ, որ վարակված են, քանի որ առանց որևէ նշանի են հաղթահարում հիվանդությունը, բայց նրանք վարակ տարածող են: Քանի դեռ մարդիկ մասսայական չեն պատվաստվում, հիվանդանոցներում այս վիճակն է: