Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ականազերծողները ընդհանուր առմամբ մաքրել և սիրիական իշխանություներին են հանձնել ականազերծված ավելի քան 880 հազար քառակուսի մետր տարածք, իսկ բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերել 42 հազարից ավելի տեղաբնակների։
Հոկտեմբերի 23-ին Հալեպում կայացել է հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին: 2 ականադաշտ՝ մոտ 450 000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, այսօր շահագործման է հանձնվել Հալեպի իշխանություններին: Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել են ավելի քան 190 հատ զինամթերք և ենթազինամթերք, այդ թվում՝ հակատանկային և հակահետևակային ականներ, հրետանային արկերի և ավիառումբի մնացորդներ, ուղղորդված ականներ և ինքնաշեն պայթուցիկ առարկաներ: Ընթացակարգում ստորագրվեցին հանձնման-ընդունման վկայականները և Հալեպի իշխանություններին հանձնվեցին ականազերծված տարածքների քարտեզները:
Արարողությանը ներկա էին Հալեպի փոխնահանգապետ Քումեյթ շեյխ Ասին, Հալեպում տեղակայված ռուսական հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարությունը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք: Ողջունելով հյուրերին` խմբի ղեկավար Սերգո Ավետիսյանը համառոտ ներկայացրել է կատարված աշխատանքները, վստահություն հայտնել դրանց շարունակականության վերաբերյալ.
«Ամռանը սկսված աշխատանքների արդյունքում, անգամ համաճարակային սահմանափակումների պայմաններում, հայ ականազերծողները միջազգային չափորոշիչներին համապատասխան ականազերծել են մոտ 45 հեկտար հողատարածք: Հայտնաբերվել և վնասազերծվել են բազմաթիվ նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, հակատանկային և հակահետևակային ականներ»:
Ողջունելով հյուրերին` փոխնահանգապետը կարևորել է կենտրոնի աշխատանքները և հույս հայտնել, որ ականազերծման գործընթացի ակտիվացումը կնպաստի Հալեպի ժողովրդի վերադարձին իրենց բնակավայրեր. «Ամենամյա ականազերծման աշխատանքների արդյունքում գյուղատնտեսական կիրառման համար պիտանելի են դառնում նորանոր հողատարածքներ, իսկ գլխավորը` նվազում է չվնասազերծված զինամթերքի պայթյունի հետևանքով հնարավոր դժբախտ պատահարների հավանականությունը»:
Արարողության ընթացքում սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և անմնացորդ աջակցության համար ու նշել, որ այս մարդասիրական առաքելությունը ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։