Մոդելավորելով աշխարհը հնարավոր է ավելի լավ ճանաչել այն ու մեծ մասնակցություն ունենալ պրոցեսների կառավարմանը՝ դրանք դարձնելով ավելի կանխատեսելի: «Մտքերի հայկական գագաթնաժողովին» վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է՝ ժամանակակից աշխարհը մոդելների և մոդելավորման աշխարհ է, որտեղ գրեթե ամեն ինչը մոդելավորված է և աշխատում է հենց այդ տրամաբանությամբ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Եթե անդրադառնանք աշխարհաքաղաքականությանը, պիտի արձանագրենք, որ աշխարհաքաղաքականությունն ինքն էլ որոշակի մոդելավորման կարող է տրվել, որովհետև այն շատ նման է մակընթացությունների և տեղատվությունների, որոնք անընդհատ և պարբերաբար տեղի են ունենում, և չմոդելավորված աշխարհում մարդիկ չէին հասկանում՝ ինչը ինչի համար և ինչ պատճառով է տեղի ունենում, իսկ մոդելավորված աշխարհում այդ ամենն արդեն դառնում է կանխատեսելի։
Համաժողովի ամենահրատապ հարցը, որ պիտի քննարկվի, վարչապետի համոզմամբ, հենց աշխարհաքաղաքականության մոդելավորումն է՝ ինչպե՞ս և ինչո՞ւ են տեղի ունենում գործընթացները: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ միտքն այս ուղղությամբ գեներացվի, հարցեր ձևակերպի և պատասխաններ տա։ Հատկապես առաջիկա և ընթացիկ ժամանակաշրջանում կան հարցեր, որոնք առանցքային նշանակություն ունեն մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի համար, և որոնց պատասխանը շատ կարևոր է հենց առանձնահատուկ ապագայի տեսանկյունից։
Նիկոլ Փաշինյան - Այդ ապագան կառավարելի և տեսանելի կլինի այնքանով, որքանով մենք կկարողանանք մոդելավորել այն աշխարհաքաղաքականությունը, որ տեղի է ունենում մեր տարածաշրջանում՝ ավելի նեղ, ավելի լայն և ընդհանրապես գլոբալ առումով։ Պատահական չէ, որ ես հենց մակընթացությունների և տեղատվությունների հետ զուգահեռ անցկացրի։ Հենց այն ժամանակ, երբ մարդկությունը չգիտեր, թե ինչ է տեղի ունենում և ինչու, այդ ամենն ընկալվում էր որպես աղետ։ Իսկ երբ կա հստակ մոդելավորում, թե ինչը և ինչի համար է տեղի ունենում, այնուամենայնիվ, այդ պրոցեսները որոշակիորեն հայտնվում են կառավարելիության տիրույթում։
Վարչապետը հույս հայտնեց, որ համաժողովը մեզ համար կդառնա նաև Հայաստանի տնտեսության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության մոդելավորման որոշակի հարթակ, որպեսզի մեզ հետ և մեր շուրջը տեղի ունեցող գործընթացները մեզ համար ավելի հասկանալի և, հետևաբար, ավելի կառավարելի լինեն։
Նորայր Շողիկյան