Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակի ղեկավար Կարել Հոֆսթրային, «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման` ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանին և նույն ծրագրի հաղորդակցման վարչության գծով պատասխանատու Իննա Գալոյանին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակի ղեկավարը և ծրագրի պատասխանատուն հանդիպման մասնակիցներին ներկայացրել են ծրագրի բովանդակությունը, նպատակներն ու խնդիրները:
«Ծրագրի նպատակն է աջակցել մարզի բնակիչների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը: Ծրագրին միանալու համար շահառուները նախ կմասնակցեն երկամսյա օնլայն դասընթացների, որը հաջողությամբ ավարտելուց հետո նրանց հնարավորություն կտրվի ներկայացնել անհատական բիզնես պլաններ: Հավանության արժանացած բիզնես առաջարկները կարող են իրագործվել ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի և շահառուի կողմից ներդրված նույնաչափ գումարի համադրմամբ: Այս ծրագրից կարող են օգտվել ինչպես սկսնակ ձեռնարկատերերը, այնպես էլ արդեն որոշ ժամանակ գործող բիզնես ունեցողները»,- ներկայացրեց ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանը:
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակի ղեկավար Կարել Հոֆսթրայի տեղեկացմամբ՝ տրամադրվելիք դրամաշնորհի չափը մեկ շահառուի կողմից ներկայացրած բիզնես գաղափարի համար կազմում է մոտավորապես 2000-10.000 եվրո: Դիմորդները պետք է կատարեն իրենց տրամադրվելիք դրամաշնորհի գումարի չափով ներդրում, որը դրամաշնորհ ստանալու պարտադիր պայման է հանդիսանում:
«Դրամաշնորհը պարտադիր պետք է համալրվի շահառուի կողմից հատկացվող նույնքան գումարով: Այն կարող է օգտագործվել հիմնական միջոցների, այդ թվում՝ գույքի, արտադրամասի, տեխնիկական միջոցների և հումքի, ինչպես նաև բրենդավորման և/ կամ փաթեթավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով: Ծրագրի շրջանակներում չեն կարող ֆինանսավորվել առևտրային գործունեությանը, ֆինանսավարկային և ֆինանսական գործունեությանը, արտարժույթի փոխանակմանը, մոլեխաղերին ուղղված գաղափարները»,- նշեց Կարել Հոֆսթրանը:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունեց ծրագիրը Գեղարքունիքի մարզում ներդնելու գաղափարը և նշեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակներում աջակցել ծրագրի հաջող իրականացմանը մարզում:
Գեղարքունիքի մարզում «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման` ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի տևողությունը 48 ամիս է:
Այն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Գեղարքունիքի մարզում ծրագրի իրագործման նպատակով առաջիկա շաբաթվա ընթացքում կկայանա ևս մեկ առավել ընդլայնված հանդիպում-քննարկում: