Բժշկի ձե՞ռքն էր թեթև, թե՞ տղամարդն էր դրական տրամադրված. ոչ ծակոց զգաց, ոչ՝ ցավ: Պատվաստվելու համար նույնիսկ հերթ է կանգնել: Գիտակցումը, որ քովիդի տարածումը կանխարգելելու դեռևս միակ միջոցը պատվաստվելն է, Արմավիրի մարզի բնակիչները սկսել են ավելի հաճախ այցելել բուժհաստատություններ:
Լուսինե Խեչոյան - Թեստավորվել եմ, բայց որոշեցի պատվաստվել, որովհետև անընդհատ թեստավորվել չէի կարող:
Պատվաստումն իրականացնում են մարզի 4 պոլիկլինիկայում, 52 ամբուլատոր և մեկ մասնավոր բուժծառայությունում: Սպիտակ բանակից մեծ ջանք է պահանջվում՝ այլ խնդիրներով իրենց դիմած պացիենտներին բացատրելու պատվաստման կարևորությունը:
Ժաննա Արասխանյան (բուժքույր) - Եկել են, որ թեստավորվեն, բայց բացատրելուց հետո համոզվել են, որ պատվաստվելն ավելի ճիշտ է:
Վիկտորյա Պողոսյան (բժշկական կենտրոնի տնօրեն) - Մարդիկ ավելի գիտակից են մոտենում, թիվը շատացել է վերջին 1 շաբաթվա ընթացքում, իրենց կամքով դիմում են, հերթեր են գոյանում:
Նարինեն բուժծառայության աշխատակից է: Երեք ամիս առաջ վարակվել-առողջացել է: Արդեն մի քանի օր է՝ գործի է անցել: Որպեսզի կրկնավարակի դեպքում զերծ մնա հիվանդության ծանր ընթացքից, ինքը նույնպես որոշել է պատվաստվել:
Պատվաստման եկած պացիենտին պարտադիր ջերմաչափում են, ստուգում սատուրացիան, արյան ու զարկերակային ճնշումը: Եթե այդ պահին որևէ խնդիր են նկատում, ժամանակավոր հակացուցում են տալիս:
Նիկոլայ Վասիլյան (ընտանեկան բժիշկ) - Մեր հիվանդն այս դեպքում պատրաստ է, ներկա պահին ունենք նորմալ զարկերակային ճնշման թվեր, նորմալ սատուրացիա, նորմալ զարկերակ, ջերմություն չկա, ուղեկցող հիվանդություններ՝ ևս:
Բուժծառայություններն աշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով: «Մաստեր ֆարմում» նույնիսկ շրջող խմբեր են գործում: Օրական մոտ 20 մարդ էլ իրենք են պատվաստում:
Արուսյակ Բեգլարյան (Արմավիրի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ) - Մեկ շաբաթվա ընթացքում ունենք առաջին պատվաստվածների 6404 մարդ:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արմավիրի մարզում պատվաստվածների թիվը, ներառյալ երկրորդ դեղաչափը, 14473 է: Բոլոր պատվաստանյութերը, որոնք առկա են երկրում, կան նաև մարզի պատվաստում իրականացնող բուժհաստատություններում: