Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերում նախատեսվել են փոփոխություններ անչափահասների վերաբերյալ կարգավորումներում: Դրանք միտված են կրկնահանցագործության ռիսկի չեզոքացմանը:
Արփինե Սարգսյան (ՀՀ ԱՆ քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ) - Նախագծով հստակ սահմանեցինք դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների շրջանակը և նաև տևողությունը: Այս դեպքում իրավակիրառողի համար հայեցողության տեղ է թողնվում այն դեպքերի համար, որպեսզի իրավակիրառողը լայն հայեցողության շրջանակ չունենա, և հայեցողության տեղ թողնենք այն դեպքերի համար, երբ իմ կողմից նշված անձի հայեցակարգի հիման վրա արդեն դատարանը կորոշի, թե կոնկրետ որն է անհրաժեշտ և համաչափ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցը:
Վահե Ենգիբարյան (ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր) - Քրեական արդարադատության բնագավառը ավելի նուրբ, զգայուն է, և այս տարիներին կուտակված և՛ փորձը, և՛ դատական պրակտիկան, և՛ հասարակական հարաբերությունների զարգացումը բերեցին նրան, որ անհրաժեշտություն կար ոչ թե կոսմետիկ կամ դրվագային փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ, այլ հիմնովին ընդունել նոր օրենսգիրք, որը կբնորոշվի մարդակենտրոն:
Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներից են՝ անչափահասին տեղական ինքնակառավարման մարմնի, տվյալ դեպքում՝ համայնքի ղեկավարի հսկողությանը հանձնելը, նրա ժամանցի ազատության սահմանափակումը, վարքագծի նկատմամբ հատուկ պահանջների սահմանումը և այլ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ:
Արփինե Սարգսյան - Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներն ունեն հարկադրանքի տարր, որովհետև քրեաիրավական ներգործության միջոցներ են, բայց դրանցում շեշտը ավելի շատ դրված է անձի վարքագծում դրական փոփոխության բերումը, ոչ թե պատժողական քաղաքականությունն է շեշտադրվում, այլ կարմիր թելով վերասոցիալականացումը, վերականգնողական արդարադատության գաղափարը:
Փոփոխություններ կան պատժի կրման համակարգում. ընդլայնվել են անչափահասի նկատմամբ ազատազրկման այլընտրանքները՝ տուգանք, հանրային աշխատանքներ, ազատության սահմանափակում, կարճաժամկետ ազատազրկում, որը գործող օրենսգրքով կալանքին է փոխարինում, և նաև որոշակի ժամկետով ազատազրկում:
Արփինե Սարգսյան - Օրենսգրքում հստակ ամրագրվել է, որ ազատազրկումը, ազատությունից զրկելու հետ կապված պատիժները պետք է դիտարկվեն որպես ծայրահեղ վերջին միջոց անչափահասների դեպքում, և եթե այլ պատժատեսակներ կարող են իրապես ապահովել պատժի նպատակների իրականացումը, ապա պետք է հենց դատարանները նշանակեն տվյալ պատժատեսակները:
Վահե Ենգիբարյան - Ընդունվել են երկու օրենսգրքերը, բայց ուժի մեջ են մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ից, թեև անցումային դրույթներում նախատեսված են, որ առանձին նորմեր կմտնեն ուժի մեջ ավելի ուշ, դա բնական երևույթ է:
Քրեական դատավարության օրենսգրքով էլ նախատեսվում է, որ անչափահասներին, անգործունակներին, հոգեկան առողջության խնդիր ունեցողներին առնչվող քննչական գործողություններում կներգրավվի կառավարության կողմից սահմանված կարգով որակավորված հոգեբան: