Խստացված տեսչական ստուգումներ՝ բժշկական լաբորատորիաներում: 14 օրը մեկ գործատուին ՊՇՌ թեստ ներկայացնելու պատճառով որոշ վայրերում կուտակումներ էին առաջացել: Պատճառների մանրամասները ներկայացնում է իրավասու մարմինը:
Գայանե Խաչատրյան, ՀՀ ԱԱՏՄ իրազեկման բաժնի պետ - Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը բազմաթիվ ահազանգեր է ստանում թեժ գծին, որ լաբորատորիաներում բազմաթիվ հերթեր են, կուտակումներ ու հաճախ չեն պահպանվում դիմակի կրման, սոցիալական հեռավորության պահանջները: Տեսչական մարմինը լաբորատորիաներն ուշադրության կենտրոնում է պահում:
Տեսուչների ուշադրության կենտրունում ոչ միայն կուտակումներն են, այլև տվյալ լաբորատորիայի աշխատակիցների պատվաստված լինելը կամ ՊՇՌ թեստերի առկայությունը: Լաբորատորիաներից մեկում 150 աշխատակցից 35-ը պատվաստված էր, մնացածը ներկայացրել էին ՊՇՌ թեստ:
Այս լաբորատորիայում օրական շուրջ 2000 թեստավորում է իրականացվում: Պարզաբանում են՝ կարող են մինչև 10 հազար մարդու թեստավորել, սակայն թիվը կրճատում են՝ պատասխաններն արագ տալու և կուտակումներից խուսափելու համար: Տեսչական մարմնի աշխատակիցներն անակնկալ այցի ժամանակ դիմակ չկրելու խախտումներ արձանագրեցին, որոշ տեղերում էլ թեստավորման գործընթացից հետաքրքրվեցին:
Այս լաբորատորիայում օրական միջինը 120 անձ թեստավորվում է, հիմնական թեստավորվողները կորոնավիրուսի սիմպտոմներ են ունենում:
Աննա Աբրահամյան, լաբորատորիայի աշխատակից - Ներկայանում են նաև աշխատանքի կամ թռիչքների համար, սակայն ներկա պահին շատ են սիմպտոմներով հիվանդները:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ Նոնա Հայրապետյանն ամփոփեց տեսչական մարմինի վերջին տասն օրվա աշխատանքը:
Նոնա Հայրապետյան, ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ - Շուրջ 25 լաբորատորիաներում իրականացվել են ստուգայցներ, արձանագրվել են խախտումներ՝ կապված անվտանգային կանոնների չպահպանման հետ: Շատ էին քաղաքացիների կուտակումները: Կային լաբորատորիաներ, որոնք պահպանում էին կանոնները, այսինքն՝ աշխատում էին հերթագրումով և ներսում կուտակումներ չկային:
Տեսչական մարմնի աշխատակիցները մի քանի խմբով էին շրջում, արդյունքները դեռ կամփոփեն, սակայն վերջին տասն օրվա ստուգումների արդյունքում տրվել է 4 նախազգուշացում, 7 դեպքում նշանակվել է տուգանք։ Ընդ որում՝ ստուգայցերից 3-ը եղել են կրկնակի, և տուգանք է նշանակվել խախտումը կրկնվելու պատճառով։
Հեղինակ՝ Անի Օհանյան