Երևանում 14 տարի գործող բժշկական կլինիկան կունենա նոր, ավելի մեծ ու տեխնիկապես հագեցած մասնաշենք: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 650 մլն դրամ է, որի 48 %-ը կտրամադրի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ընկերությունը:
Արմեն Հախվերդյան, Ժամանակակից վիրաբուժության կլինիկայի տնօրեն - Ավելանալու է բավականին զարգացած և հագեցված ախտորոշիչ կենտրոն՝ ճառագայթային բոլոր տիպի ախտորոշման մեթոդներով, լաբորատոր-գործիքային և այլն: Եվ, որպես նորույթ Հայաստանում, բժշկական կենտրոնն ունենալու է իրեն կից հյուրատուն: Այն բոլոր հիվանդների կամ իրենց հարազատների համար, որոնք գալիս են կամ հեռվից կամ արտերկրից:
Կլինիկան այժմ ունի մեկ վիրահատարան և տասը հիվանդասենյակ: Տնօրեն Արմեն Հախվերդյանի խոսքով՝ նոր մասնաշենքում կավելանա ինչպես դրանց, այնպես էլ աշխատակիցների թիվը: Բժշկական կենտրոնն աշխատանքը կսկսի 2023 թվականին:
Արմեն Հախվերդյան - Նոր շենքում նախատեսում ենք ունենալ երկտեղանոց մոտ 25 հիվանդասենյակ, ինչպես նաև երեք վիրահատարան, որոնցից երկուսը կլինեն սովորական վիրահատարաններ և մեկ վիրահատարան կլինի էնդոսկոպիկ, բոլոր տիպի մասնագիտությունների համար, քանի որ այն հագեցած է լինելու և՛ օրթոպեդների, և՛ ընդհանուր վիրաբույժների, և՛ օրթոպեդների, այսինքն՝ բոլոր այն մասնագիտությունների համար, որոնք օգտվում են բուժման էնդոսկոպիկ մեթոդից:
Կլինիկայի կառուցումը ֆոնդի միակ նախագիծը չէ: 2020 թվականից մինչև օրս ստացվել է ներդրումային 200 հայտ, որից հաստատվել է 15-ը: Ֆոնդը ներդրում է իրականցնում նաև գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտներում. այն բանկային վարկին այլընտրանք ֆինանսավորման գործիք է:
Բելլա Մանուկյան, «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ տնօրեն - Ֆոնդը մասնակցություն է ունենում ծրագրում և ներդրում է իրականացնում ընկերության կապիտալում, հետևապես ունենալով 25-49 % փայամասնակցություն ծրագրերում՝ հետագա ելքի ակնկալիքով: Այսինքն՝ ֆոնդի նպատակն է այնպես անել, որ ծրագրերն իրականացվեն և հետագայում դուրս գալ այդ ծրագրերից՝ փայը վաճառելով հիմնականում հենց մասնավոր գործընկերոջը, ում հետ նախաձեռնել է ծրագիրը:
Մասնավորի ներդրումը չի կարող պակաս լինել ֆոնդի ֆինանսավորումից. ծրագրի պայմաններից մեկն է:
Բելլա Մանուկյան - Ներդրումային ֆոնդը, ըստ յուրաքանչյուր ծրագրի, կարող է հատկացնել 500 000-ից մինչև 4 մլն ԱՄՆ դոլար՝ այն պայմանով, որ մասնավոր ներդրողն ինքն առնվազն նույն չափով ներդրում է իրականացնում ծրագրերում:
Բիզնես ծրագրի ֆինանսավորում ստանալու պայմաններին կարելի է ծանոթանալ պետական հետաքրքրությունների ֆոնդի anif.am կայքում, հայտը լրացնել կազմակերպության գրասենյակում և սպասել ընտրություն կատարող խորհրդի պատասխանին:
Ֆինանսավորվող ծրագրերից մեկն էլ գյուղատնտեսության ոլորտում է: Ներդրման ընդհանուր արժեքը մոտ 1.1 մլրդ դրամ է։ Մասնավոր ընկերությունը ծրագիրն իրականացնելու է Արմավիրի մարզում:
Բելլա Մանուկյան - Ծրագրի բնույթն անասնակերի աճեցումն է, ինչն էլ պետք է սպասարկի նույն ընկերությունների խմբին պատկանող ֆերմայի կարիքների բավարարմանը: Եթե ծրագիրը չիրականացվեր, ապա անասնակերը պետք է ամբողջովին ներկրվեր արտերկրից:
Բարձրորակ անասնակերը կաճեցվի 225 հա հողատարածքում, ներդրման միջոցով կգնվեն համապատասխան սարքավորումներ: Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի նաև վերջնական սպառողի համար շուկայական գնի աճի զսպմանը։
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան