ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԻՐԱՆԻ ՀԵՏ ՈՒՂԻՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Վաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցություններին միջուկային գործարքի շուրջ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդականի առաջին տեղակալ Ջոնաթան Ֆայները՝ ատոմային էներգիայի ոլորտում նախագահ Բայդենի վարչակազմի քաղաքականությանը նվիրված օնլայն համաժողովի ժամանակ: Պաշտոնյան, սակայն, հավելել է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը առաջվա պես տարաձայնություններ ունեն այն հարցի վերաբերյալ, թե ինչ է նշանակում հավատարիմ մնալ միջուկային համաձայնագրի դրույթներին:
ՊԵՆՏԱԳՈՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ՝ ՌԴ-Ի ՀԵՏ ԿԱՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մոսկվայի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններ ունենալու ցանկության մասին է խոսել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո: ԱՄՆ պաշտպանության քարտուղարը նաև վերահաստատել է Նահանգների վճռական հանձնառությունը ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի լայն աջակցությունը Եվրամիությանը և Թայվանին:
ՍՊԱՆՎԵԼ Է «ԱԼ ՔԱԻԴԱՅԻ» ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐԻՑ ՄԵԿԸ
ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել Սիրիայում «Ալ Քաիդայի» պարագլուխներից մեկի ուղղությամբ: Ամերիկյան զորքերի կենտրոնական հրամանատարության հայտարարությունում նշվում է, որ Վաշինգտոնն ավիահարված է հասցրել անօդաչուի միջոցով: Ըստ ամերիկյան կողմի՝ սպանվել է «Ալ Քաիդայի» բարձրաստիճան ղեկավար Աբդուլ Համիդ ալ Մաթարը:
ՌԴ ԵՎ ՉԺՀ ՄԱՐՏԱԿԱՆ ՆԱՎԵՐԸ ՊԱՐԵԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի և Չինաստանի ռազմածովային ուժերի մարտական նավերն առաջին անգամ համատեղ պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում: Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ պարեկությունը տևել է 7 օր:
ԹՈՒՐՔԻԱՆ ՍԿՍԵԼ Է F-16 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան սկսել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռքբերման գործընթացը, փոխանցում է Anadolu գործակալությունը: «Սկսվել են F-16-երի ձեռքբերման տեխնիկական աշխատանքները, մենք հետևում ենք այդ գործընթացին։ Թուրքիայի հզորացումը ենթադրում է նաև ՆԱՏՕ-ի հզորացում»,- ասել է Աքարը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները Թուրքիային F-16 կործանիչներ է առաջարկել՝ F-35 ծրագրում իր ներդրումների դիմաց, որից Անկարան հեռացվել էր ռուսական C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնումից հետո: Սակայն ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հակադարձել էր Էրդողանին՝ նշելով, որ ԱՄՆ-ը որևէ ֆինանսական առաջարկ չի արել F-16 կործանիչների հետ կապված Թուրքիայի հարցման վերաբերյալ:
ՌՈՒՍ-ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ԱՆԱՐԴՅՈՒՆՔ
Գազի մատակարարման շուրջ ռուս-մոլդովական բանակցություններն ավարտվել են անարդյունք: Բանակցություններն անցել են Մոսկվայում: Մոլդովական կողմը ներկայացրել են փոխվարչապետներ Վլադիսլավ Կուլմինսկին և Անդրեյ Սպինուն, ռուսական կողմը՝ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը և «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչները: Ըստ տեղեկությունների՝ Մոսկվան Քիշնևին առաջարկել է գազի շուկայական գին՝ լրացուցիչ 25% զեղչով, իսկ մոլդովական կողմը պնդել է, որ գազի գինը Մոլդովայի համար շուկայականից կրկնակի ցածր լինի: Գործակալության աղբյուրը նշել է, որ նման զեղչի համար ռուսական կողմի ներկայացրած միակ պայմանը եղել է այն, որ Մոլդովան երեք տարվա ընթացքում պետք է վերադարձնի նախորդ տարիներին մատակարարված գազի դիմաց կուտակված մոտ 700 մլն դոլարի պարտքը՝ չհաշված Մերձդնեստրը: Քանի որ բանակցություններն արդյունք չեն տվել, հնարավոր է՝ նոյեմբերի 1-ից ամբողջովին դադարեցվի Ռուսաստանից Մոլդովա գազի մատակարարումը:
ԵՄ-Ն ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿՍԱՀՄԱՆԻ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Եվրոպական միությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի նկատմամբ. պատճառը՝ ԵՄ-Բելառուս սահմանին միգրացիոն ճգնաժամի առաջացումն է: Եվրամիության առաջնորդների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ միությունը սահմանափակող միջոցներ կկիրառի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ: ԵՄ ղեկավարության խոսքով՝ Բելառուսն անօրինական ներգաղթյալներ է ուղարկում Եվրամիության երկրներ, իսկ ներգաղթյալներին քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերն անընդունելի են: