Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտգործնախարարությանը հանձնարարել է «անցանկալի անձ» հայտարարել 10 երկրների դեսպաններին, որոնք կոչ են արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային, փոխանցում է Reuters-ը։
Դրանք ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի դեսպաններն են: Նրանք հանդես էին եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Քավալայի դեմ դատական գործընթացը ստվեր է նետում Թուրքիայում ժողովրդավարության և օրենքի գերակայության վրա:
Դեսպանները կանչվել էին Թուրքիայի ԱԳՆ, իսկ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չպետք է ընդունի դեսպաններ, որոնք քննադատում են Թուրքիայի դատական համակարգը։ Նրա խոսքով՝ Թուրքիայի դատարանները «անկախ դատական համակարգի լավագույն օրինակն են»:
Քավալան բանտում է գտնվում 2017 թ.-ից՝ 2013 թ. համազգային բողոքի ակցիաների ֆինանսավորման և 2016 թ. ձախողված պետական հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանքով: Նա հերքում է մեղադրանքները։
Օսման Քավալան տարիներ շարունակ պայքարել է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու, ազգամիջյան տարաձայնությունները հարթելու համար։