Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը Թուրքիայի գործողությունները դատապարտող նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Այս մասին հայտնել է Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիոս Պելեկանոսը, տեղեկացնում է ТАСС-ը։
Նամակում Կիպրոսի նախագահը դատապարտել է Թուրքիայի «միակողմանի և ապօրինի գործողությունները» Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, Վարոշայում (Ֆամագուստա) և Կարպասի թերակղզում: Նա Գուտերեշին խնդրել է հնարավորինս շուտ նշանակել կիպրոսյան կարգավորման գծով իր հատուկ ներկայացուցչին:
«Հանրապետության նախագահը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ խնդրելով ավելի ակտիվ մասնակցություն ունենալ հատուկ բանագնացի անհապաղ նշանակման գործում, որպեսզի անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն կառուցողական երկխոսությունը վերսկսելու համար՝ նպատակ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և որոշումների վրա հիմնված լուծում գտնել առկա խնդիրներին»,- հավելել է Պելեկանոսը: