ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Ջանկարլո Ջորջետտիի հետ: Այս մասին հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից:
Ջանկարլո Ջորջետտին ողջունել է հայկական պատվիրակության այցը և հույս հայտնել, որ այն կնպաստի գործընկերային հարաբերություններն ամուր հիմքերի վրա դնելուն: Այս համատեքստում նախարարն ընդգծել է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը:
Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և պատրաստակամություն հայտնել աշխատանքներ տանել, որպեսզի հնարավոր դառնա հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի նիստի շուտափույթ կազմակերպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները, համատեղ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև նախանշվել է համագործակցության զարգացման օրակարգը։