«Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 32-ժամյա դաշտային վարժանք է անցկացվել Վայք քաղաքում։ Վարժանքի ընթացքում Սյունիքի քաղաքային որոնողափրկարարական թիմը (ՔՈՓ) խաղարկել է գրանցված ուժեղ երկրաշարժի սցենար։
Վարժանքի նպատակն էր ստուգել ՔՈՓ թիմի ունակությունները փրկարարական աշխատանքներում, մասնավորապես՝ պարանային և գործիքների հետ աշխատելու կարողությունները, ինչպես նաև ճշգրիտ հաշվարկել ուժերն ու միջոցներն այդ աշխատանքներում։
Վրանային ավանի ծավալումից անմիջապես հետո փրկարարական խմբերը ստացան համապատասխան տեղամասերի համար նախատեսված փրկարարական գործողությունների վայրերը և 4-ժամյա հերթափոխով կատարեցին փրկարարական աշխատանքներ։
Տեղամասերում իրականացվել է պարանների օգնությամբ տուժածների իջեցում, փլատակների տակ մնացած տուժածներին հատուկ գործիքների օգնությամբ դուրսբերում, ինչպես նաև ամրակապման միջոցով տուժածների շենքից անվտանգ տարահանում։
Վարժանքին մասնակցել են նաև փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը և փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը։
Վարժանքի ավարտին գնդապետ Եմիշյանը ամփոփել է կատարված աշխատանքների արդյունքները, նշել թերություններն ու առավելությունները: Հանձնարարել աշխատել արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ։