Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն երկրի արդարադատության հետ կապված խնդիրների մասին բարձրաձայնող եվրապատգամավորներին անվանել է ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության լոբբիստներ՝ գրում է Aliq.ge-ն:
Ըստ Կոբախիձեի՝ եվրապատգամավորները քաղաքականացնում են Վրաստանի արդարադատության հետ կապված խնդիրները։
«Մենք թույլ չենք տա որևէ մեկին, այդ թվում՝ կոնկրետ եվրապատգամավորներին, որոնք իրականում «Ազգային շարժման» լոբբիստներ են, Վրաստանում քաղաքականացնել արդարադատությունը»,- ասել է Կոբախիձեն։
Չնայած Եվրախորհրդարանի պատգամավորների քննադատությանը՝ «Վրացական երազանք» կուսակցության նախագահը հայտարարել է, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առնվազն վեց տարի բանտում կանցկացնի:
Ավելի քան 70 եվրոպացի քաղաքական գործիչ մի քանի օր առաջ հայտարարություն է տարածել՝ պահանջելով ազատ արձակել Սաակաշվիլուն։ Նրանց բնութագրմամբ՝ «վրացական կառավարությունը նպաստում է երկրում ծայրահեղ քաղաքական բևեռացմանը, որը ոչնչացնում է ժողովրդավարական ինստիտուտները, իսկ դա, իր հերթին, անհնար է դարձնում քաղաքական ուժերի միավորումը ռազմավարական ազգային առաջնահերթությունների շուրջ»: