Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան երկարատև դադարից հետո վերականգնվել է և հոկտեմբերի 30-ին, 31-ին և նոյեմբերի 2-ին կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, տեղեկացնում են թատրոնի լրատվական բաժնից:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Աիդա» օպերայի ընթացիկ բեմադրության պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերին։
Չորս գործողությամբ ներկայացման վերաբեմադրմանը ներգրաված է թատրոնի ստեղծագործական անձնակազմից ավելի քան 350 աշխատակից: Ներկայացումը վերականգնվել է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի արտաբյուջետային միջոցներով:
Իտալական օպերային արվեստի գլուխգործոցներից մեկը համարվող «Աիդա» օպերան առաջին անգամ ներկայացվել է 1871 թվականին՝ Կահիրեում, իսկ Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1941 թվականին։
Վերդին «Աիդա» օպերան գրել է Սուեզի ջրանցքի բացման առթիվ՝ եգիպտական կառավարության պատվերով։ Գործողությունները տեղի են ունենում Եգիպտոսում՝ փարավոնների տիրապետության օրոք։ Երաժշտական դրաման եգիպտական զորավար Ռադամեսի և ստրկուհի Աիդայի սիրո մասին է։
1871 թվականի Ամանորի նախօրեին, երբ տեղի ունեցավ ներկայացման առաջնախաղը, ներկա էին հյուրեր աշխարհի տարբեր կողմերից: Միայն Վերդին էր բացակայում այս կարևոր իրադարձությանը: Կոմպոզիտորը 46 օր անց ներկա եղավ «Աիդայի» պրեմիերային հարազատ Միլանում: «Աիդան» մինչ օրս չի իջնում համաշխարհային հեղինակավոր օպերային թատրոնների բեմերից: