Արևը դեռ չծագած՝ կանայք դաշտում են՝ մինչև ծաղկաթերթիկների բացվելը ծաղիկը հավաքելու, այլապես նեկտարը մեղվի բաժին կդառնա: Աշխարհի ամենաթանկ համեմունքը՝ շաֆրանը կամ քրքումը, առավել հայտնի է որպես «կարմիր ոսկի»: Այն տեսքով և բույրով ձնծաղիկի է նման, բերքահավաքն էլ նույնքան նուրբ գործ է, որքան ինքը՝ բուժիչ և օգտակար հատկություններով հայտնի ծաղիկը:
Անուշ Ամիրխանյան (ձեռներեց) - Դա առավոտ շուտ պիտի լինի, որպեսզի բույրը, նեկտարը մնա ծաղկի ներսում, մենք պետք է 3 ժամում առանձնացնենք թելիկները, որը հենց շաֆրանի համեմունքն է: Եթե դա ժամանակին չանենք, եթերային յուղերը մնում են ծաղկի մեջ, և համեմունքը բարձր որակի չէ:
Քրքումի բույրը Սարիգյուղ մտավ 4 տարի առաջ, երբ Շվեյցարիայում 24 տարի բնակվող սարիգյուղցի Անուշը, հաճելին օգտակարի հետ մեկտեղելով, որոշեց հայրենի գյուղում հիմնել այս անսովոր բիզնեսը, թերևս առաջինը ոչ միայն մարզում, այլև՝ Հայաստանում․
Անուշ Ամիրխանյան - Առաջինը աշխատատեղ ստեղծելը, իմանալով, որ գյուղի ագրարային հողերը ջրի մեծ խնդիրներ ունեն, մտածեցինք ընտրենք այնպիսի մշակաբույս, որ չպահանջի ջրի ծավալ:
Գյուղի 10-ից ավելի երիտասարդ կանայք արդեն ծաղկի բերքահավաքի փորձ ունեն, թեև տարվա մեկ ամիսն են զբաղվում:
Լուսինե Եգանյան (Սարիգյուղի բնակիչ) - Ծաղիկն էլ է շատ սիրուն, գործն էլ է շատ հաճելի, ափսոս, կարճ է տևում:
Թինան 4 տարի առաջ հարս է եկել Վրաստանից և գտել իր սրտով գործը:
Թինա Ջավախաշվիլի (Սարիգյուղի բնակիչ) - Ծաղիկը կերակրում է թեկուզ 4 շաբաթ, բայց շատ ընտանքներին օգուտ է: Էս գործը ինձ շատ է դուր գալիս:
Դաշտից մինչև փաթեթավորում՝ ուղիղ իմաստով մաքուր ձեռքերի աշխատանք է: Այս քմահաճ ծաղիկը շատ մաքրասեր է:
Հատուկ արտահագուստով էլ անցնում են գլխավոր փուլին՝ ծաղկաթերթիկներից առանձնացնելով մուգ կարմրավուն թելիկները: Ամեն ծաղկից՝ 3 թելիկ; Գործը պետք է ավարտել 2-3 ժամում: Բերքի քանակը կիլոգրամների չի հասնում, պատրաստի արտադրանքը դեղաչափային է՝ միլիգրամներով; Անուշն ասում է՝ չեն ալարել, հաշվել են՝ մեկ գրամում մոտ 460 թելիկ կա:
Անուշ Ամիրխանյան - Ամենօրյա ապահովում ենք և սփռոցների մաքրությունը, նույնիսկ թերթը, որի վրա թելիկները չորացնում ենք, ես բերում եմ Շվեյցարիայից; Ամեն ինչ անում ենք, որ մեր աշխատանքի արդյունքը լինի բարձարորակ, որ կարողանանք շուկայում տարբերվել:
Իսկ քրքումի շուկայում տեղ գրավելը դյուրին չէ, տարիներ և ջանք է պահանջում, բայց ըստ Անուշի՝ հայկականը արդեն իսկ առավելություն է:
Անուշ Ամիրխանյան - Հայկական հողը շատ միներալ է, շատ էներգիա ունի, բուրմունքն ավելի սուր է, ավելի բարձր են բաղադրիչները:
Այս ծաղկից ոչինչ դեն չի նետվում, եթե թելիկները համեմունք են, դեղաբույս կամ ներկանյութ, ապա ծաղկաթերթիկները մտադիր են օգտագործել կոսմետիկայում և խոհանոցում: Դեռ փակագծերը չի բացում: Բազմամյա այս մշակաբույսը գյուղում աճեցնում են առայժմ 2 հազար քմ տարածքում, բայց ընդլայնելու միտք ունեն նաև մարզում: Շվեյցարիայից Սարիգյուղ ճամփան կարճացել է՝ կատակում է Անուշը, համոզված է՝ եվրոպական շուկայում հայկական քրքումը դեռ իր խոսքը կասի: