Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հինգշաբթի կեսօրին բանտի պատուհանից ողջունել էր քրեակատարողական հիմնարկի մոտ հավաքված ցուցարարներին, որտեղ նա կրում է պատիժը: Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը հայտարարել է, որ այդ քայլով Սաակաշվիլին խախտել է բանտի կանոնադրությունը՝ գրում է ТАСС-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաակաշվիլու բանտախցի պատուհանները նայում են ոչ թե բանտի արտաքին կողմին, այլ՝ դեպի բակը:
Քրեակատարողական ծառայության հայտարարության մեջ նշված է, որ Սաակաշվիլին խնդրել է ցնցուղ ընդունել և չի մերժվել: Հաստատության աշխատակիցներին արգելվում է մտնել լողասենյակ, և նրանք բանտարկյալին սպասել են միջանցքում: «Սաակաշվիլին օգտվել է այդ առիթից և լողասենյակի պատուհանից դիմել է դրսում հավաքված մարդկանց՝ դրանով իսկ խախտելով ներքին կանոնադրությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Գերատեսչությունը չի հստակեցնում՝ կպատժվի՞ արդյոք քաղաքական գործիչը:
Չորեքշաբթի Սաակաշվիլուն մեղադրանք է առաջադրվել Վրաստանի սահմանն ապօրինի հատելու համար: Նախկին նախագահին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: