Արմենակ Ասատրյան (ֆերմեր) - Մի տարեկան ճուտիկներ են, որոնք ինկուբատորից չեն դուրս եկել, բնական, թուխսի տակից՝ 15 հատ:
Մասնագետներն ասում են, որ բացառիկ դեպք է, երբ Հայաստանում ջայլամի ձվադրումն ու ճտահանումը բնական եղանակով է լինում: Հայաստանի բնակլիմայական պայմաններին սովորաբար շուտ հարմարվում են հարավամերիկյան տափաստանային ջայլամները: Ջայլամաբուծությամբ զբաղվող Արմենակ Ասատրյանը նրանց աչքի լույսի պես է պահում:
Արմենակ Ասատրյան - Վաճառքի ենթակա չեն պահում եմ տեսնեմ վերջը ոնց կլինի իրանց:
Արդեն երկու տարի է՝ Արմենակը Հայաստանում ջայլամաբուծությամբ է զբաղվում: Հինգ տարի շարունակ թռչնաբուծության այս ճյուղն է ուսումնասիրել՝ դասընթացներ անցել Իրանում: Վստահ է՝ անթափոն համարվող ջայլամաբուծությունը եկամտաբեր է: Հիմա 100 ջայլամ ունի:
Արմենակ Ասատրյան - Հետագա նպատակս՝ հասցնեմ մինչև 1000-ի:
Ֆերմերը նպատակ ունի վերամշակել ջայլամից ստացվող ամբողջ մթերքը: Ջայլամի յուղից մինչև եղունգներ ամեն ինչ պիտանի է, ասում է թռչնաբույծների միության նախագահը:
Սերգեյ Ստեփանյան (Թռչնաբույծների միության նախագահ) - Համացանցում որ նայում ենք այդ ճյուղի զարգացմանը, տեսնում ենք, որ 100 տոկոսից ավել եկամուտ է բերում:
Ջայլամաբուծությամբ Հայաստանում սկսել են զբաղվել 2005 թվականից: Մի քանի խոշոր ծրագրեր են իրականացվել, չորսի դեպքում բիզնեսը հաջողվել է: Պահելը հեշտ է՝ ոչ ծախսատար՝ ասում է մասնագետը, սակայն որքան էլ աշխարհում ջայլամի միսը համարվում է բարձրաժեք, միևնույն է Հայաստանում այն դժվար է իրացվում: Սովորաբար բարձրարժեք է համարվում մատղաշ կենդանու միսը:
Սերգեյ Ստեփանյան - Ամենակարևոր հարցը՝ ճիշտ ուսումնասիրել շուկան, տեսնել, որ այդ շուկայում կա հնարավորություն՝ գտնել սեգմենտ, որ այդ նոր մսի տեսակը մատուցվի բնակչությանը:
Արմենակ Ասատրյանն արդեն պատկերացնում է իր բիզնեսի ապագան: 1000 ջայլամ ունենալու դեպքում եկամուտ է ակնկալում հասուն թռչնի վերամշակված կաշվից, որը ևս համարվում է բարձրաժեք: Մսի իրացման հարցում էլ խնդիր չի տեսնում:
Արմենակ Ասատրյան - Էս մասում վերամշակման արտադրամասդ եմ որոշել ստեղծել: Պահածոյացնելու եք:
Իր գործից հիմա էլ դժգոհ չէ, բացի ջայլամ բուծելուց ու վաճառելուց՝ հիմա փորձարկում է ջայլամի ապխտած միսը: