Ռուսաստանն ամեն ինչ արել է՝ Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու համար, ռուս խաղաղապահներն արժանապատվորեն են կատարում իրենց պարտքը, հիմա ամենակարևորը սահմանին իրավիճակը վերջնականապես կարգավորելն է, դա հնարավոր չէ անել առանց ռուսական կողմի մասնակցության: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Փոխանցում է
ՌԻԱ Նովոստին:
«Այո՛, ցավոք, լինում են միջադեպեր, այո՛, ցավոք, երբեմն նույնիսկ մարդիկ են մահանում, բայց այսքան տարվա դիմակայությունից հետո երևի դժվար է պատկերացնել ամբողջովին իդեալիստական պատկեր: Հիմա, ամենակարևորը, սահմանին իրավիճակը վերջնականապես կարգավորելն է, և այստեղ, իհարկե, անհնար է որևէ բան անել առանց Ռուսաստանի մասնակցության»,- ասել է Պուտինը։
Նա բացատրել է՝ քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել Խորհրդային շրջանում միութենական հանրապետությունների միջև սահմանը, Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբում են:
Հիմնվելով այդ փաստաթղթերի վրա, երկու կողմն էլ պետք է հանգիստ քննարկի. կան բաներ, որոնք նույնպես փոխզիջումներ են պահանջում. ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել: Միայն այնպես, որ դա ճանաչվի, հասկանալի լինի, որ դա ձեռնտու լինի երկու կողմերին էլ: Կարելի՞ է դա անել, թե՞ ոչ։ Կարելի է»,- նշել է Պուտինը։