«Գեղագիտության ազգային կենտրոնը» և Բրիտանական խորհուրդը երեկ ազդարարել են Հայաստանում առաջին ներառական մասնագիտական կենտրոնի բացումը, որը ծառայելու է որպես ներառական արվեստի զարգացման և այլընտրանքային կրթության նոր, բազմաֆունկցիոնալ հարթակ:
Կենտրոնը հնարավորություն կընձեռի հաշմանդամություն ունեցող անձանց՝ կատարողական արվեստի ոլորտում իրացնելու սեփական ներուժը և առանց խոչընդոտների իրագործելու մինչ այժմ անհնարին թվացող գաղափարները։ Այն նաև կստեղծի զբաղվածության ապահովման նոր հնարավորություններ:
Ներառական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանում ՄԹ դեսպան Ջոն Գալլագերը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Կենտրոնը գործելու է «Մետրո» թատրոնի հարևանությամբ, ինչի վերաբերյալ ներառական առաջին մասնագիտական կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը նշել է.
«Դառնալով «Գեղագիտության ազգային կենտրոնի» տնօրեն՝ որոշել էի քաղաքի կենտրոնից դուրս՝ «Մետրո» թատրոնին կից, այս տարածքը ոգեշնչող միջավայր դարձնել արվեստի տարբեր ուղղություններով հետաքրքրված մարդկանց համար, որոնք հնարավորություն կունենան այստեղ ձեռք բերել գիտելիք և փորձ»:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ այս կենտրոնի բացումը մի կողմից իրադարձություն է, մյուս կողմից՝ արդեն նախընտրած շատ կարևոր գործընթացների մեկնակետ:
««Գեղագիտության ազգային կենտրոնն» ապացուցել է իր գրագետ, արդյունավետ գործելաոճը ներառական ծրագրերի իրականացման գործում: Մենք վաղուց ունենք ռազմավարական որոշում, ըստ որի՝ հասարակությունների և ազգերի քաղաքակրթական և մշակութային զարգացման աստիճանը որոշվում է նաև այն ներառական քաղաքականությամբ, որն իրականացնում է այդ երկիրը: Բարեբախտաբար, վերջին շրջանում գործուն քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ. իրականացված բոլոր ծրագրերը բավականին հաջողված են ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային համագործակցության տեսակետից»,- ընդգծել է Արա Խզմալյանը և հավելել, որ կանոնադրական փոփոխությունների միջոցով ներառականությունը հռչակվել է որպես կենտրոնի գերակա ուղղություններից մեկը:
Արա Խզմալյանը հույս է հայտնել, որ «Գեղագիտության ազգային կենտրոնը» կդառնա մշակութային այլ կառույցներին ներառականության մեթոդաբանություն հուշող, թելադրող և կողմնորոշիչներ տրամադրող կառույց:
«Միացյալ Թագավորությունը մեծ ջանքեր է գործադրում՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ հասարակության անդամ դարձնելու համար: Լավ է, որ մենք կարողացանք մեր փորձը ներդնել Հայաստանում և այս ոլորտն առավելապես զարգացնել մշակույթի, սպորտի, կրթության ասպարեզներում»,- շեշտել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալլագերին և իր ուրախությունը հայտնել Բրիտանական խորհրդի կարևոր դերակատարության համար այս հրաշալի նախաձեռնության իրականացման գործում, որը միտված է հաշմանդամություն ունեցող մարդկանց տաղանդը ոգևորելուն և զարգացնելուն: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը ներկայացրել է ծրագրի իրականացման նախապատմությունն ու ընթացքը, որի սկիզբը դրվել է 2013 թվականին ՄԲ «Կանդուկո» ներառական պարային խմբի Հայաստան այցելությամբ: