ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՐՑԸ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Հայաստանն ու Ադրբեջանը կարող են լուծել սահմանի հարցը՝ հիմնվելով խորհրդային շրջանի քարտեզների վրա, սակայն այդ գործընթացը փոխզիջումներ է պահանջում՝ կարծում է ՌԴ նախագահը։
«Այժմ ամենակարևորը սահմանին իրավիճակը կարգավորելն է։ Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ անել հնարավոր չէ։ Քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել խորհրդային շրջանում միութենական հանրապետությունների միջև սահմանը, Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբում են»,- ընդգծել է Պուտինը։
«Վալդայի» համաժողովում Պուտինը հայտարարել է, որ պետք է պայմաններ ստեղծել Ղարաբաղում երկարատև կարգավորման համար, կողմերը պետք է գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունը։
ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅՏՆՎԵԼ Է FATF-Ի «ԳՈՐՇ ՑՈՒՑԱԿՈՒՄ»
Թուրքիան հայտնվել է Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (FATF) «գորշ ցուցակում»՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը ձախողելու համար:
Որոշման արդյունքում Թուրքիան կարող է կորցնել ավելի քան 23 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը ծանր հարված է Թուրքիայի տնտեսության համար՝ հաշվի առնելով թուրքական լիրայի ռեկորդային արժեզրկումը: Կառույցը Թուրքիային մեղադրում է նաև ահաբեկչության ֆինանսավորման համար, ինչը Անկարան անհիմն է համարում:
ՂՐՂԶՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԲԱՅՐԱՔԹԱՐ» ԱԹՍ-ՆԵՐ ԿՍՏԱՆԱ
Ղրղզստանի բանակը թուրքական արտադրության Բայրաքթար տեսակի ԱԹՍ-ներ կստանա: Անկարան արդեն իրականացնում է ղրղզական կողմի պատվերը:
ԱԹՍ-ները կառավարող օպերատորներն արդեն համապատասխան դասընթացներ են անցնում Թուրքիայում: Բացի Բայրաքթարներից, Բիշքեկը պատրաստվում է ձեռք բերել նաև ռուսական «Օռլան» ԱԹՍ-ներ և այլ զինտեխնիկա:
ԷՐԴՈՂԱՆԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՂ 10 ԵՐԿՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
Անկարան չպետք է ընդունի դեսպաններ, որոնք քննադատում են երկրի դատական համակարգը։ Հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ես արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ասել եմ, որ մենք այդպիսի ճոխություն չենք կարող թույլ տալ և մեր երկրում նման դեսպաններ ընդունել։ Ինչո՞ւ են նրանք նման հայտարարություն անում։ Արդյոք դա նրա՞նց գործն է՝ սովորեցնել Թուրքիային: Ո՞վ են նրանք»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի դատարանները անկախ դատական համակարգի լավագույն օրինակն են: Դեսպաններին ԱԳՆ կանչելու պատճառն այն էր, որ տասը երկիր քննադատել էր Թուրքիային ընդդիմադիր գործչին նոր մեղադրանքներ վերագրելու համար և կոչ էր արել ազատ արձակել նրան: