Հոկտեմբերի 19-ին Բաքվից վերադարձել է ևս հինգ հայ ռազմագերի։ Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը տեղի է ունեցել Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ: Մոսկվան ողջունում է հայ գերիների վերադարձը և հույս է հայտնում, որ այդ գործընթացը կշարունակվի՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Մարիա Զախարովա, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ - Ընդհանուր առմամբ, այդ թվում՝ ռուսական միջնորդական ջանքերի շնորհիվ, անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր կատարվել է 122 պահվող անձանց փոխանակում, որոնցից Հայաստան է վերադարձել 105-ը, Ադրբեջան՝ 17 հոգի: Մենք մտադիր ենք հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել բոլոր ուղղություններով՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար:
Ի հեճուկս քաղաքական ջանքերի և եռակողմ հայտարարությունների՝ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին մարդիկ են զոհվում։ Հայկական կողմն առաջարկել է ուժեղացնել զինված միջադեպերի հետաքննության և հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ մեխանիզմները: Ինչպե՞ս է մոտենում այդ հարցին ռուսական կողմը, «Լուրերի» հարցին դիվանագետը պատասխանում է՝ Մոսկվան ջանքեր է գործադրում հրադադարի ռեժիմի խախտում թույլ չտալու ուղղությամբ:
Մարիա Զախարովա - Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում իրավիճակը, այդ թվում՝ վերջին միջադեպերը, քննարկվել են հոկտեմբերի 14-ին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման ընթացքում: Այդ հարցը նաև ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարության, Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների կանոնավոր շփումների առարկա է:
Զախարովան անդրադարձավ հոկտեմբերի 20-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները: Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը ջանքեր է գործադրում տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման համար: Մոսկվան ելնում է նրանից, որ նման աշխատանքի ընթացքում պետք է հաշվի առնվեն տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի շահերը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Իրանից Ռուսաստան արտահանման խոչընդոտմանը, ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծում է՝ ռուսական կողմը հանդես է գալիս Ադրբեջանի և Իրանի միջև սահմանային լարվածության թուլացման օգտին:
Մարիա Զախարովա - Մենք համոզված ենք, որ այդ հարևան պետությունների հարաբերություններում բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Հենց բարիդրացիության ոգով պետք է հաղթահարվեն տարաձայնությունները:
Ռուսաստանը հանդես է գալիս նաև «3+3» տարածաշրջանային խորհրդակցական մեխանիզմի շուտափույթ գործարկման օգտին՝ ի շահ դրա բոլոր մասնակիցների:
Մարիա Զախարովա - Մենք կարծում ենք, որ այն կնպաստի միջպետական հարաբերություններում վստահության բարձրացմանը, առկա հակասությունների կարգավորմանը և տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային, հումանիտար ներուժի բացահայտմանը:
Զախարովան պարզաբանեց նաև, որ «3+3»-ի ստեղծման գաղափարն առաջարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից, իսկ Ռուսաստանը, իր հերթին, աջակցել է այդ նախաձեռնությանը: Նրա խոսքով՝ Մոսկվան տեսնում է արևմտյան մի շարք պետությունների, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների ձգտումը՝ խանգարել այդ նախաձեռնությանը, այդ թվում՝ ապատեղեկատվություն տարածելով, թե նախաձեռնությունը հեղինակել է Մոսկվան: