Հոկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին:
Հանդիպման սկզբում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ և պատրաստակամություն հայտնել այդ օրակարգն առավել ընդլայնելու և համագործակցության ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ:
Դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը մասնավորապես ընդգծել է, որ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, կրթությունը և էներգետիկ անվտանգությունն այն ոլորտներն են, որոնց շրջանակներում կարող են առավել զարգանալ հայ-նորվեգական հարաբերությունները:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի: ԱԽ քարտուղարը շեշտել է ապաշրջափակման կարևորությունը՝ տարածաշրջանում անվտանգային միջավայր ձևավորելու հրամայականում:
Երկուստեք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործընթացում: