Նոր տեսակի կորոնավիրուսի հայտնաբերման օրից մինչև այսօր աշխարհում վարակվել է 240 միլիոն 440 հազար մարդ: Վարակը դարձել է շուրջ հինգ միլիոն մարդու մահվան պատճառ: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ուսումնասիրության համաձայն` ԱՄՆ-ում hոսպիտալացման վտանգը 12 անգամ ավելի մեծ է չպատվաստվածների մոտ: Ըստ գործակալության՝ ցուցանիշները փոխվում են ամեն շաբաթ.
«18-49 տարեկան չպատվաստված անձանց հոսպիտալացվելու հավանականությունը մեծ է 14 անգամ, մինչդեռ 65 տարեկանից բարձր տարիքի անձանց դեպքում՝ 9 անգամ»:
Պատվաստվման ցուցանիշը ցածր է նաև Ռուսաստանում: Ռուսաստանում արդեն մի քանի օր է վարակվածության և մահերի օրական ցուցանիշը նոր ռեկորդ է սահմանում:
Դմիտրի Պեսկով, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար - Մենք եվրոպական մի շարք երկրներից ավելի վատ ենք իրագործում պատվաստման գործընթացը, ավելի քիչ մարդ է պատվաստանյութ ստանում, և կորոնավիրուսի նոր՝ ավելի ագրեսիվ տեսակների ի հայտ գալու պայմաններում, բնականաբար, ավելի շատ մարդ է վարակվում: Դա կապված է բազմաթիվ բնակիչների ցածր գիտակցության հետ, դա է այսօրվա իրականությունը:
Լատվիան վարակի դեմ պայքարելու համար կրկին արտակարգ դրություն է սահմանել: Այսօրվանից մայրաքաղաք Ռիգայի փողոցները նորից դատարկվում են: Երեկոյան ժամը 20:00-ից մինչև առավոտյան 5-ը փողոց դուրս գալ չի կարելի առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Լատվիայում պատվաստված է չափահասների մոտ 57 տոկոսը: Շաբաթվա սկզբին Լատվիայում մեկ օրում արձանագրվեց վարակման 2408 դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ էր այդ երկրի համար:
Հոկտեմբերի 21-ին օրական դեպքերի ռեկորդ գրացնվեց Ուկրաինայում՝ 22 415 դեպք, այնտեղ նույնպես պատվաստումների ցուցանիշը ցածր է: Պատվաստվելու տեմպերը զարմացնում են Հնդկաստանում: Այնտեղ մեկ միլիարդ մարդ արդեն պատվաստված է:
Իրանում արդեն օգտագործվել է 76 միլիոն դեղաչափ: Հարևան Վրաստանում դպրոցների 10 տոկոսն անցել է հեռավար ուսուցման: Այնտեղ հոկտեմբերի 22-ին գրանցվել է 4155 նոր դեպք: