Եվրախորհրդարանը (ԵԽ) կոչ է արել մանրակրկիտ հետաքննել ԵՄ իրավասության ներքո գտնվող «Պանդորայի գործով» հայտնաբերված բոլոր խախտումները: Այս մասին ասված է հինգշաբթի խորհրդարանականների ընդունած բանաձևում:
Բանաձևին աջակցել է 578 եվրապատգամավոր, դեմ է քվեարկել 28-ը, ձեռնպահ է եղել 79-ը: Ըստ փաստաթղթի տեքստի՝ Եվրախորհրդարանը սահմանել է «հարկերից խուսափելու» և «փողերի լվացման» դեմ պայքարի համար ձեռնարկվելիք ամենահրատապ միջոցները: «Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին՝ միջոցներ ձեռնարկել այն երկրների դեմ, որոնք չեն ենթարկվում օրենքին»,- ասվում է փաստաթղթում:
Միաժամանակ ափսոսանք է հայտնվում այն փաստի կապակցությամբ, որ մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԵՄ-ում որոշումներ կայացնող բարձրաստիճան անձինք, նույնպես հիշատակվել են «Պանդորայի փաստաթղթերում», և միության անդամ պետությունների իշխանություններին կոչ է արվում համապատասխան հետաքննություն անցկացնել ցանկացած խախտման վերաբերյալ:
Բանաձևում հիշատակվում է նաև Ադրբեջանի ղեկավարը:
«Եվրախորհրդարանի համար ցավալի է, մասնավորապես, այն փաստը, որ այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսին են Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիչը և Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, որոնք ԵՄ խորհրդի անդամ են, ինչպես նաև Նիդերլանդների ֆինանսների նախարար Վոպկե Խուկստրեն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը և Մալթայի նախկին նախարար ու ԵՄ նախկին հանձնակատար Ջոն Դալին, հիշատակված են Պանդորայի փաստաթղթերում՝ օֆշորային գործարքների հետ հաղորդվող կապերով»,- նշված է բանաձևում:
Հոկտեմբերի 3-ին Հետաքննող լրագրության միջազգային կոնսորցիումը մոտավորապես 11,9 միլիոն փաստաթղթից հրապարակեց հատվածներ՝ մի շարք համաշխարհային քաղաքական գործիչների և հայտնի մարդկանց օֆշորային հաշիվների վերաբերյալ տվյալներով: