Առանց Ռուսաստանի հնարավոր չէ իրականացնել սահմանազատում և սահմանագծում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ելույթ ունենալով «Վալդայ ակումբում»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ դաշնության ղեկավարի, հենց Մոսկվայում են այն քարտեզները, որոնք ամբողջական տեղեկություն են պարունակում սահմանները ճշգրիտ որոշելու համար:
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - «Գլխավոր նպատակը Հարավային Կովկասում երկարաժամկետ կարգավորման հասնելն է: Եվ առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ որևէ բան անել: Այստեղ մեզ ոչ ոք էլ պետք չէ՝ բացառությամբ երկու պետության: Ինչո՞ւ: Քանի որ քարտեզները Ռուսաստանի Գլխավոր շտաբում են: Քարտեզները, որոնցում արձանագրված է, թե ինչպես է անցել սահմանը միութենական հանրապետությունների միջև: Հիմնվելով այդ փաստաթղթերի վրա՝ պետք է հանգիստ նստել, քննարկել երկու կողմի հետ: Այնտեղ կան փոխզիջումներ պահանջող դրվագներ. անհրաժեշտ է ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան հավասարեցնել: Ինչ-որ մի բան փոխանակել: Պետք է հասկանալի լինի, որ դա ձեռնտու է երկու կողմին էլ: Կարելի՞ է դա անել, կարելի է»:
Պուտինը խոսել է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին: Կողմերը պետք է կարողանան գնահատել խաղաղ համակեցության առավելությունները, քանի որ դա բխում է տարածաշրջանային բոլոր երկրների շահերից՝ ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Վլադիմիր Պուտին - «Ադրբեջանը շահագրգռված է, որ բնական կապ հաստատվի Նախիջևանի հետ: Հայաստանի համար առաջնահերթ խնդիրներից է տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը և արդյունավետ տնտեսական համագործակցությունը տարածաշրջանում: Այդ թվում նաև Ադրբեջանի հետ: Հայաստանի համար կարևոր է ապասառեցնել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաղորդել նրանց ժամանակակից բնույթ: Դա պետք է հանգեցնի Հայաստանի և Ադրբեջանի անվտանգ գոյությանը և տնտեսական զարգացման համար պայմաններ ստեղծի: Հնարավո՞ր է դա անել: Հնարավոր է»:
Խոսելով ռուսական խաղաղապահ առաքելության մասին Արցախում՝ Պուտինն ասել է, որ նրանց հաջողվում է կայուն պահել իրավիճակը հակամարտության գոտում: Նաև նշել է, որ պատերազմից հետո տուն է վերադարձել ավելի քան 50 հազար մարդ: Տարածաշրջանային երկխոսության համատեքստում Ռուսաստանը դեմ չէ նաև այլ ձևաչափերի, ասել է Պուտինը:
Վլադիմիր Պուտին - «Մենք կողմ ենք նաև, որ գտնվի բազմակողմ ձևաչափ, մասնավորապես՝ ակտիվանա Մինսկի խմբի աշխատանքը: Այդ ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկվում, այդ թվում մեր գործընկերների հետ: Կարևորը՝ հասնել գլխավոր նպատակին՝ ստեղծել անվտանգային իրավիճակ և հարաբերությունները կառուցել դրական լույսի ներքո»:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում և սահմանագծում իրականացնելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան պայմաններ՝ ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի վարչապետը: Ադրբեջանի զինված ուժերը մայիսին, հատելով Հայաստանի պետական սահմանը, առաջ էին եկել մի քանի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր հայելային տարբերակով զորքերը հետ քաշել, նոր միայն սկսել սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան: Այդ գործընթացն իրոք բարդ է պատկերացնել առանց Ռուսաստանի մասնակցության, նշում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
Գարիկ Քեռյան (քաղաքագետ) - «Այստեղ կա և՛ քաղաքական, և՛ փաստական, և՛ այլ ռազմական նրբություններ, որոնք գտնվում են ոչ թե Երևանում, Բաքվում, այլ՝ Մոսկվայում. Այդ քարտեզներն արվել են ճշգրիտ: Պուտինն ակնարկում էր, որ դա պետք է տեղի ունենա հենց այդ բազայի հիման վրա»:
Սա փաստացի նշանակում է, որ հենց Մոսկվան է դառնալու միակ միջնորդն այս գործընթացում՝ նշում է փորձագետը: Քեռյանի գնահատմամբ՝ Երևանի համար դա ընդունելի տարբերակ է: Բաքվից դեռ արձագանք չկա: Պուտինի, ինչպես նաև համանախագահ այլ երկրների ղեկավարների դիրքորոշումը վկայում է, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության օրակարգի հաստատումը առաջնահերթություն է բոլոր խաղացողների համար՝ ընդգծում է Գագիկ Քեռյանը:
Գարիկ Քեռյան - «Իրանին ձեռք է տալիս, քանի որ ունի կոմունիկացիոն, տնտեսական, էներգետիկ հետաքրքրություններ: Ռուսաստանին ձեռք է տալիս, քանի որ երկարատև խաղաղությունը կարող է հաստատել նրա դիրքերը այստեղ: Ադրբեջանն այլևս խնդիրներ չունի»:
Երկարատև խաղաղության հաստատման համար առաջնային է Մինսկի խմբի դերը՝ կարծում է Քեռյանը: Դա փաստացի հաստատում է նաև ռուսական կողմը: