Արցախում իրականացվում է անկախության տարիների ամենախոշոր տնտեսական ծրագիրը: Պատարայի ջրամբարի կառուցման առաջին փուլում ջրառից խողովակաշար է անցկացվում դեպի Ստեփանակերտ: Շինարարության ընթացքին ծանոթացել է Արցախի նախագահը և հանձնարարել՝ աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում: Նախագահին ներկայացվել է նաև «100 տուն Արցախում» ծրագրի շրջանակներում իրականացվող բնակարանաշինությունը:
Գեորգի Հայրիյան, Արցախի ջրային կոմիտեի նախագահ - Նախնական փուլում կունենանք ինքնահոս ջուր, որը թույլ կտա ներկա փուլում գետում առկա ջրի ծավալը հասցնել մայրաքաղաք՝ ապագայում ջրամբարը կառուցելուց հետո ավելի մեծ քանակով:
2022-ի հունիսին Արցախի մայրաքաղաքը ջրի պակաս չի ունենա՝ վստահեցնում է Արցախի ջրային կոմիտեի նախագահը: Սեպտեմբերի 1-ից են սկսել խողովակաշարի մոնտաժման աշխատանքները: Այս պահին 22 կիլոմետրից պատրաստ է 2 կիլոմետրանոց հատվածը: Ջրամբարի ծավալը կլինի 6 միլիոն խորանարդ մետր: Ջուրը կօգտագործեն նաև գյուղատնտեսական նպատակով. ոռոգման տակ կանցնի ավելի քան 2000 հեկտար:
Գեորգի Հայրիյան - Խմելու ջրով կապահովվեն Ստեփանակերտից բացի առկա 7 բնակավայրեր, այսինքն՝ 7 բնակավայրից, որոնք ունեն ջրի պակաս, և այս խողովակաշարին կից տարածքներում կառուցվող ևս 4 բնակավայր գյուղեր, որոնք կառուցվում են տեղահանված բնակչության տեղավորման համար:
Տեղահանված բնակիչները նաև Դահրավի նոր թաղամասում կհաստատվեն: Առաջին ալիքի և «Ապրելու Արցախ» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ կառուցվող թաղամասում արդեն 3 տուն կանգուն է: Պատասխանատուներն Արայիկ Հարությունյանին ներկայացրել են «100 տուն Արցախում» ծրագիրը, որին նաև Արցախի կառավարությունն է մասնակցում:
Արամ Սարգսյան, Արցախի քաղաքաշինության նախարար - Մենք պլանավորում ենք ընթացիկ տարում ավարտին հասցնել 30 տան հիմքի կառուցման աշխատանքները, ինչպես նաև հողային աշխատանքներ: Ծրագիրը նախնական պայմանավորվածության համաձայն՝ կյանքի կկոչվի 2022-ի վերջին:
Հերթական խոշոր բնակարանաշինական ծրագիրը մեկնարկել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում: 15 հատ 4 հարկանի շենքում ընդհանուր 240 բնակարան կլինի, որոնք կհատկացվեն 2020-ի պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին: Ծրագրի արժեքը 6,5 միլիարդ դրամ է, ֆինանսավորում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Դավիթ Սահակյան, նախագծող կազմակերպության ղեկավար - Շենքերը լինելու են երկու տեսակի՝ 2-3 և 3-4 սնեյականոց բնակարաններով: Ըստ մակերեսների՝ բնակարանները լինելու են 2 սենյակը՝ 65 մետր քառակուսի, 3 սենյակը՝ 86 մետր քառակուսի և 4 սենյակը՝ 106 քառակուսի մետր մակերեսով:
Կրկին «Հայաստան» համահայկականի ֆինանսավորմամբ կասֆալտապատվեն Արցախի Դահրավ, Աստղաշեն և Պատարա գյուղեր տանող ճանապարհները: Ծրագրի ավարտը 2022-ին է: