Վեց ամսվա փոխարեն 90 աշխատանքային օր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու կամ մերժելու համար:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Մենք իհարկե հետաքրքրված ենք, որպեսզի հնարավորինս շատ մեր հայրենակից ձեռք բերի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, և այդ առումով անհրաժեշտ է որ ժամկետները համապատասխանեն տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր: Ընդհանրապես, սա ուղղված է այսպես կոչված բիզնես գործընթացների արագացմանը և արդյունքում հնարավորություն կունենանք ավելի արագ պատասխանել քաղաքացուն:
Քաղաքացիության մասին օրենքում լրացումների և փոփոխությունների նախագիծը քննարկվել է Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Օրինագծի ընդունման դեպքում կապահովվի ազգությամբ հայերի պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու գործընթացը:
Արա Մկրտչյան (ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետ) - Կոնկրետ այս փոփոխությունը ոչ թե խոչընդոտների վերացում է, այլ ժամկետի կրճատում: Այսինքն՝ անձը դիմումը տալուց հետո շատ ավելի շուտ կստանա հնարավորություն՝ ստանալ քաղաքացիություն և դիմել անձնագիր ստանալու համար:
Անձնագիր ստանալու մեկ այլ փոփոխություն հնարավորություն է տալիս դրսում ապրող մեր հայրենակիցներին հայկական անձնագիր ունենալ:
Արա Մկրտչյան - Հայաստանից դուրս բնակվող մեր հայրենակիցները, որոնք մեր դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, բավարարվելու դեպքում դիմեն նույն ներկայացուցչություն և ստանան:
Ազգային ժողովի և ԲՏԱ նախարարության համագործակցությամբ մշակվող օրենսդրական փաթեթով էլ պահանջարկ ունեցող մասնագետները հնարավորություն կունենան «Մեկ պատուհանի» միջոցով առցանց դիմել և պարզեցված ընթացակարգով Հայաստանում ապրելու և աշխատելու իրավունք ստանալ: