Ընթերցողին արդեն սիրելի դարձած՝ արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով պատմությունն էկրանավորվել է: «Մանյունյա» գրքի հիման վրա ստեղծվել է համանուն բազմասերիանոց ֆիլմ: Այն պատմում է ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում անցկացրած մանկության տարիների մասին: Ֆիլմի նկարահանումներին հետևել է գրքի հեղինակը, կարծում է՝ այն ընտանեկան ջերմ հիշողությունների ու հարաբերությունների մասին է:
Նարինե Աբգարյան, գրող - Այս ֆիլմը բոլորի համար է: Հանգիստ կարող են պապիկ-տատիկները, ծնողները և երեխաները դիտել: Եթե հնարավորություն ունենան միասին նայելու, հետո քննարկելու, մանկությունը հիշելու, ես շատ երջանիկ կլինեմ: Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ մարդիկ շատ քիչ են իրար հետ խոսում: Ինչքան շատ խոսենք, այնքան ավելի երջանիկ կլինենք:
Ֆիլմում Մանյունյայի խիստ տատիկը էկրանից այն կողմ բառեր չի գտնում խոսելու, հուզված է:
Ջուլիետա Ստեփանյան, դերասանուհի - Կարոտն է, մանկության կարոտը, այն, ինչ եղել ենք մանկության տարիներին, բոլորս նույն մանկությունն ենք ունեցել: Բրավո Նարինեին, որ կարողացել է այդ ամենն ընդհանուր մարդկության համար սարքել:
Ինչպես գրքում, գործողությունը կատարվում է 1980-ականներին: Գլխավոր դերերում Կատյա Տեմնովան և Կարինա Ղահրամանյանն են: Պրոդյուսերներն են Ղևոնդ ու Սարիկ Անդրեասյանները, սցենարիստը Հայկ Ասատրյանն է, ռեժիսորը՝ Արման Մարությանը։
Նարինե Աբգարյան - Պրոդյուսերը՝ Ղևոնդը, ասաց, որ բոլոր դերասաններն անպայման պետք է Հայաստանից լինեն, որովհետև մենք պետք է առաջին հերթին մեր դերասաններին շանս տանք:
Երկու ընտանիքի բարեկամության մասին պատմող ֆիլմը բաղկացած է 24 րոպեանոց տասը մասից։
Հեղինակ՝ Անի Ավագյան