Մեր դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումն արդեն 8 տասնամյակից ավելի ոգեշնչում է մարդկանց իր էպիկական շնչով ու ազգային կենսունակության ուժով: Քոչարի թանգարանը վերադարձել է հավերժական թեմային ու նախաձեռնել է «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» ցուցահանդեսը:
Քոչարը, որ փայլուն հայեցի կրթություն էր ստացել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, հրաշալի գիտակցում էր ազգային արժեհամակարգի դերն ինքնության պահպանման գործում: Այդ ընթացքում ստեղծվեցին նրա գլուխգործոցները՝ «Սասունցի Դավիթը», «Վարդան Մամիկոնյանը», «Կոմիտասն» ու «Զվարթնոցի արծիվը»: Իսկ 1939-ին, երբ պայմանականորեն նշվում էր հայկական էպոսի 1000-ամյակը, ռուսերեն ակադեմիական հրատարակության պատկերազարդումը Հովսեփ Օրբելու ընտրությամբ կատարեց Երվանդ Քոչարը: Օրբելին չափազանց տպավորված էր արդյունքով:
Կարինե Քոչար (Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն) - Քոչարյան շարքը իր 7 հարթաքանդակներով բացահայտում էր հայի հոգեկերտվածքն ու ազատաբաղձության հարատև մղումը, որ հատկապես այսօր խիստ արդիական են: Քոչարյան բնօրինակները թանգարանին է տրամադրել Ազգային պատկերասրահը:
Ցուցադրության համակարգող Աշոտ Մարաբյանը նորարարական լուծումներով փորձել է ստանալ էպոսի առասպելական շունչն ու միջավայրը և փոխանցել այն ազդակները, որոնցից ներշնչվել է Քոչարը:
Կարինե Քոչար - Ցուցահանդեսի առիթով և մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ թանգարանը ներկայացնում է նաև նոր հավելված, որը ծառայում է «Սասունցի Դավիթ» էպոսի քարոզչությանը: