ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ, Ֆրանսիայի քաղաքացի, 1988 թ. ծնված Ա. Ս.-ի ինքնազգացողությունը հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, կտրուկ վատացել է, ինչի կապակցությամբ վերջինիս է այցելել հիմնարկի բժիշկը, սակայն րոպեներ անց՝ ժամը 11։35-ի սահմաններում, արձանագրվել է Ա. Ս.-ի կենսաբանական մահը։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՔԿԾ-ից:
Ա. Ս.-ն կալանավորվել էր 2021 թ. սեպտեմբերի 4-ին, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն) և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար:
Դեպքի կապակցությամբ քրեակատարողական ծառայողների գործողություններում հնարավոր կարգապահական խախտման հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի հանձնարարությամբ իրականացվում է ուսումնասիրություն։