Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջին անգամ հայտնել է, որ 2011 թվականին ողնաշարի լուրջ վիրահատության է ենթարկվել: Նրա խոսքով՝ իր առողջական վիճակն ի վերջո ազդել է 2019 թվականին պետության ղեկավարի պաշտոնից հեռանալու որոշման վրա՝ գրում է ТАСС-ը:
«Ես պետք է հեռանայի, բայց դեռ պատրաստ չէի դրան, քանի որ իրավահաջորդի հարցը լուծված չէր: Ես ճիշտ եմ համարում 2019 թվականին հրաժարական տալու որոշումը, անցել է ավելի քան երկու տարի և չեմ զղջում դրա համար»,- ասել է պետության նախկին ղեկավարը:
2019 թվականի մարտի 19-ին Նուրսուլթան Նազարբաևը, որը գրեթե 30 տարի ղեկավարում էր Ղազախստանը, հայտարարեց իր հրաժարականի մասին: Հանրապետության նոր նախագահ դարձավ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Միևնույն ժամանակ, Նազարբաևը պահպանեց երկրի Անվտանգության խորհրդի և իշխող Նուր Օթան (Հայրենիքի լույս) կուսակցության նախագահների պաշտոնները, Սահմանադրական խորհրդի անդամությունն ու պատվավոր սենատորի կարգավիճակը: Նազարբաևը հուլիսի 6-ին դարձավ 81 տարեկան: