Հոկտեմբերի 22-ին Ստամբուլում մեկնարկել է «Թյուրքական խորհրդի մեդիաֆորումի» աշխատանքը, որի բացմանը տեսաուղերձով հանդես է եկել Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Իր ելույթում նա հայտնի արևմտյան լրատվամիջոցներին մեղադրել է «թվային ֆաշիզմի» և Հայաստանին տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու մեջ:
«Որոշ սոցիալական ցանցեր դարձել են պետությունների ժողովրդավարության, հասարակության և ազգային անվտանագության համար սպառնալիքի աղբյուրներ: Մեր երկրները տեղեկատվական դաշտում պետք է ձևավորեն անկախ համակարգեր, այնպես, ինչպես դա այսօր անում է Թուրքիան պաշտպանական և ռազմական ոլորտներում»,- նշել է Էրդողանը: Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում տեղեկատվական դաշտում ականատես են եղել երկակի չափանիշների, ինչը հաստատել է «ապատեղեկատվության և ստի դեմ պայքարելու» կարևորությունը թյուրքական երկրների համար:
«Մեդիա կառույցները, որոնք հայտարարում են խոսքի ազատության և իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման կարևորության մասին, գործնականում հանդես էին գալիս որպես Հայաստանի պաշտոնական տեղեկատվական ծառայության նմանակողներ: Ղարաբաղյան պատերազմը տեղեկատվական էմբարգոյի ո՛չ առաջին, ո՛չ վերջին օրինակն է, որին բախվում են մեր երկրները»,- նշել է Էրդողանը: