Ռեժիսոր Ջոել Սոուսը, որը պատահաբար վիրավորվել էր ֆիլմի նկարահանման հրապարակում Ալեք Բոլդուինի արձակած կրակոցից, ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ մյուս վիրավորի՝ 42-ամյա կին օպերատոր Գալինա Հաթչինսի կյանքը փրկել չի հաջողվել՝ հայտնում է Reuters-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Նյու Մեքսիկոյում Rust («Ժանգը») ֆիլմի նկարահանման ժամանակ: Ըստ սցենարի՝ Բոլդուինը պետք է կրակեր դատարկ պարկուճներով լիցքավորված ատրճանակից, սակայն, պարզվել է, որ զենքը լիցքավորված է եղել մարտական փամփուշտներով:
Սանտա-Ֆե շրջանի շերիֆի գրասենյակից հաստատել են, որ հենց Բոլդուինն է կրակել, որը ֆիլմի պրոդյուսերն է ու գլխավոր դերակատարը: Դերասանին դեռ մեղադրանք չի առաջադրվել: Նկարահանումները դադարեցվել են, հետաքննությունը պարզում է ռեկվիզիտային ատրճանակում մարտական փամփուշտների առկայությունը: